Մատչելիության հղումներ

Մեր գրական ընթացքը ո'չ խոտորվել է, ո'չ կանգ է առել, ո'չ մի կայծակնային սլացքով առաջ է գնացել. «Գրական թերթի» խմբագիր


«Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան
«Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան

Օգոստոսի վերջերից ավարտելով արձակուրդային շրջանը՝ աստիճանաբար իրենց աշխատանքներն են վերսկսում տարբեր մշակութային հաստատություններ, իսկ սեպտեմբերի 2-ին արձակուրդներից հետո լույս կտեսնի «Գրական թերթի» առաջին համարը։

«Ազատության» հետ զրույցում թերթի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը շեշտեց, որ այս տարին հոբելյանական է թերթի համար՝ հունվարին լրացավ թերթի հիմնադրման 90-ամյակը։

Խոդիկյան. - Առաջին, հիմնական, ես կասեի՝ միակ առաքելությունը, որ ամեն ուրբաթ առավոտյան ընթերցողները «Գրական թերթը» վերցնեն կրպակներից, իսկ ով բաժանորդագրվել է, ստանան իրենց հասանելիք համարը։ Սեպտեմբերի 2-ը նաև Արցախի անկախության օրն է, թերթը մի քանի էջ տրամադրել է «Գրական Արցախին»։ Արձակուրդի օրերին, օգոստոսյան էն թեժ օրերին զանգում էի Արցախ մեր գրողներին, ասում էի, որ պիտի գործեր ուղարկեն։ Մենակ մի բան ասեմ. մեկը դադար տվեց, հետո ասեց՝ մեզ հիշո՞ւմ եք։ Ասեցի՝ էդ բանը դուք չպիտի ասեիք, որովհետև ոչ միայն հիշում ենք, այլև դա մեր կյանքի մի մասն է, ամենակարևոր մասերից մեկը։ Եվ իհարկե, գրական մեր անցուդարձերը, մեր հոբելյանները։ Ի դեպ ասեմ, քանի որ մենք օգոստոսին լույս չենք տեսնում, օգոստոսին ծնված գրողները ընդամենը հետաձգվում են։ Հենց սեպտեմբերի 2-ի համարում Ռոլանդ Շառոյանի հոբելյանական էջն է։

«Ազատություն». - Օգոստոսի 13-ին Վահագն Դավթյանի հարյուրամյակը լրացավ։

Խոդիկյան. - Մենք ամբողջ տարվա ընթացքում, ով հետևել է մեր թերթի հրապարակումներին, մենք փետրվարից, այս ամբողջ ընթացքում մի քանի հրապարակում ունեցել ենք Վահագն Դավթյան, հոբելյանական տարբեր անդրադարձեր ենք ունեցել։ Իսկ այդ օրը Գրողների միության անդամներ և մտավորականներ, պարզապես նրա գրականության երկրպագուները գնացել էին հարգանքի տուրք մատուցելու։ Այդ անդրադարձը, որպես տեղեկատվություն նույնպես անպայման կա «Գրական թերթում»։ Իհարկե, այս տարին մեզ համար հոբելյանակն է։ Տրամադրություններս չէի ասի, որ հոբելյանական է։ Նախ էս ամբողջ իրավիճակը մեր երկրի, ամեն մեկիս։ Թվում է թե ինչ-որ տեղ կարծես մի քիչ ուշքի ենք գալիս, բան... սուտ է։ Էս կոտրվածությունը, էս, լեզուս չի պտտվում, բայց մինչև մենք չասենք... էս պարտված վիճակը... Որովհետև եթե ասում ես պարտված ես, հաջորդ պահին մտածում ես ինչպես դուրս գալ, որ հետագայում ինչպես հաղթես։ Այս իրավիճակը իր կնիքը դնում է ամեն ինչի վրա։ Եվ գուցե դա է պատճառը, որ փետրվարին, երբ ասում էին ինչ-որ բան պետք է կազմակերպեք, ասում էի հունիսին, հունիսը եկավ, ասում էի սեպտեմբերին, հիմա էլ երևի կասեմ դեկտեմբերին։ Ինչ-որ տրամադրվածություն չկա, բայց ամբողջ տարվա ընթացքում մենք անդրադարձել ենք «Գրական թերթի» իննսունամյա ճանապարհին, և ամեն անգամ հասկանում ես, որ այս իննսուն տարիների ընթացքում գրողի համար որքան կարևոր է եղել թերթը։

«Ազատություն». - Իսկ հիմա ինչպիսի՞ն է իրավիճակը թերթի դերակատարման առումով գրական շրջանակներում։

Խոդիկյան. - Ես խոստովանեմ, որ որոշակի, չէ, լավ էլ խիստ սահմանափակում եմ մտցրել։ Նախ գրչակներից խուսանավում եմ, որ՝ Գրողների միության անդամ չեք, այդ պատճառաբանությամբ եմ փակում ճանապարհը։ Բայց եթե իսկապես տեսնում եմ երիտասարդի, մեկին, որ զգացվում է, որ էդ կայծը կա, այդ պահին էդ սահմանափակումը միանգամից վերանում է։ Բայց դե երևի այդպես էլ պիտի լինի, որովհետև «Գրական թերթը» միշտ էլ, բոլոր տարիներին, նույնիսկ այն տարիներին, երբ որ... 30-ական, 40-ական, չգիտեմ խորհրդային ինչպիսի մամլիչ է եղել, և ինչպիսի խայտառակ դեր է կատարել, անգամ այդ ժամանակ էն փոքրիկ գոհարները էդ ամբողջ բանի մեջ միանգամից առանձնացնում են։ Իսկ երբ որ չկա գրաքննություն, երբ կա ընդամենը ճշգրիտ հայացք գրականությանը, ինչպե՞ս կարելի է զուտ գրողական, սիրողական էդ բաները տպագրել... գոնե այդ մեկը չկա։ Ես այսպիսի մի բան կասեմ. մեր գրական ընթացքը ո'չ խոտորվել է, ո'չ կանգ է առել, ո'չ մի կայծակնային սլացքով առաջ է գնացել։ Բնականոն ընթացք է, և փառք Աստծո, որ այդ ընթացքը կա, որ այս սերունդը կամաց-կամաց հեռանում է, տեսադաշտում հայտնվում է մյուսը։ Հիմա ամեն մեկը, եթե թերթը չտպագրեց, կգնա կայք, կայքը չտպագրեց, ինքը իրա կայքը կբացի, Ֆեյսբուքում կտպի։ Այսինքն՝ էդ բոլոր հնարավորություններն էլ նաև կան։ Եվ այս բոլոր հնարավորությունները նաև խոտանին ահավոր տեղ են տալիս։ Բայց դե դրա համար կա գրական քիմք, գրական ճաշակ և այն ընթերցողը, որը հասկը որոմից կարող է տարբերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG