Շվեդիան խոստացել է հավելյալ կես միլիարդ կրոնի (մոտ 47 միլիոն դոլար) ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու համար։ Որոշման մասին հայտնել է երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո։
«Սահմանները չպետք է փոխվեն ուժի գործադրմամբ», - BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է Շվեդիայի վարչապետը։
«Դուք պաշտպանում եք մեր եվրոպական արժեքներն ու միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը։ Ձեզ աջակցելը մեզ համար պատիվ է և պարտականություն։ Եվ հենց դրա համար էլ իմ կառավարությունը Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի՝ 1 մլրդ կրոն ծավալով», - ասել է Անդերսոնը։
Շվեդիայի վարչապետի խոսքով՝ Ուկրաինան սկզբում կստանա 500 մլն կրոն ռազմական աջակցություն։ Անդերսոնը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է ներառելու ռազմական փաթեթը, միայն նշել է, որ դա նման կլինի նախորդին։
Նախորդ օգնությունը ներառում էր հակատանկային զենքեր, անհատական պաշտպանության միջոցներ և ականազերծման սարքավորումներ: