Եվրամիությունը ողջունել է Կոսովոյի և Սերբիայի հիմնական մասի միջև ազատ տեղաշարժի վերաբերյալ Բելգրադի և Պրիշտինայի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Շաբաթ երեկոյան Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ներկայացրել է Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցությունների արդյունքները:
Բելգրադը համաձայնել է վերացնել մուտքի և ելքի փաստաթղթերը Կոսովոյի անձը հաստատող փաստաթուղթ ունեցողների համար, մինչդեռ Պրիշտինան համաձայնել է չներկայացնել դրանք սերբական ID քարտ ունեցողների համար:
Կոսովոյի սերբերը, ինչպես նաև բոլոր մյուս քաղաքացիները կկարողանան ազատորեն շարժվել Կոսովոյի և Սերբիայի հիմնական մասի միջև՝ օգտագործելով նույնականացման քարտերը։ ԵՄ-ն այդ կապակցությամբ երաշխիքներ է ստացել Կոսովոյի տեղական իշխանություններից, ասել է Բորելը։
Նա հատկապես շնորհակալություն է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին «պատասխանատվության և առաջնորդության» համար, իսկ ԱՄՆ-ին՝ «երկխոսությանն աջակցելու համար»։
Բայց, ըստ Բորելի, Բելգրադի և Պրիշտինայի միջև ազատ տեղաշարժի աշխատանքները դեռ ավարտված չեն, և կան չլուծված խնդիրներ, մասնավորապես՝ ավտոմեքենաների համարանիշների խնդիրը։