Մատչելիության հղումներ

Չեխիան Եվրամիության էներգետիկայի նախարարների արտահերթ ժողով է հրավիրում


Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, արխիվ
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, արխիվ

Եվրամիությունում նախագահող Չեխիան գումարելու է անդամ երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ ժողով, այսօր հայտնել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:

«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ պայմանավորվածությամբ՝ մենք՝ որպես նախագահող երկիր, արագացված կարգով կգումարենք Նախարարների խորհրդի նիստ՝ էներգետիկայի հարցով: Օրակարգում կքննարկվեն էներգետիկ բնագավառում ստեղված իրավիճակի կարգավորման արտակարգ միջոցները»,- հայտնել է Չեխիայի կառավարության ղեկավարը:

Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը խորհրդարանի ստորին պալատում՝ Դեպուտատների պալատում, ասել է, որ Եվրոպական միությունում էներգակիրների սրընթաց գնաճը սպառնում է հանրությանը և, մասնավորապես, Չեխիայում ձևավորված քաղաքական համակարգին:

Իրավիճակի վատթարացման դեպքում, նախարարի կարծիքով, Չեխիայում հնարավոր կլինեն «1989 թվականին կոմունիստական վարչակարգի տապալմանը հանգեցրած հեղափոխական զարգացումներ»:

«Եթե էներգետիկ ճգնաժամի լուծում չգտնվի՝ Չեխիայի քաղաքական համակարգը կհայտնվի սպառնալիքի տակ, եթե եվրոպական մակարդակով հարցը չկարգավորվի, ապա Եվրոպական միությունը որպես այդպիսին կհայտնվի վտանգի տակ»,- ասել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG