Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հարվածել է Սիրիայի Դեյր Էզ-Զորում ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք օգտագործում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար խմբերը։
Ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարությունում ասված է, որ նման հարվածներն ուղղված են Իրանին աջակցող խմբավորումների հարձակումից ԱՄՆ-ը պաշտպանելուն։
«Այսօրվա հարվածներն անհրաժեշտ էին ԱՄՆ-ի անձնակազմը պաշտպանելու համար»,- ասվում է կենտրոնական հրամանատարության խոսնակ գնդապետ Ջո Բուչինոյի հայտարարության մեջ, որում ասված է նաև, թե սա պատասխան էր օգոստոսի 15-ին ամերիկյան ուժերին թիրախավորած հարձակմանը։
Դեյր Էզ-Զորը նավթով հարուստ ռազմավարական նահանգ է, որը սահմանակից է Իրաքին և վերահսկվում է Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորային խմբավորումների ու սիրիական ուժերի կողմից: