Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «Haber Global»-ի հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու երկու կողմերի բանագնացները արդեն չորս հանդիպում են ունեցել, և նշել, որ այդ գործընթացը սերտորեն կապված է Երևանի և Բաքվի հարաբերությունները նորմալացնելու հետ:
«Հատուկ ներկայացուցիչները չորս հանդիպում են ունցել։ Խոսքը կապերը փուլ առ փուլ նորմալացնելու մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության օգտին։ Այդ ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Խոսքը օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին է և այլն։ Որոշակի ջանքեր են գործադրվել առևտրի ոլորտում»,- նշել է նա։
Անկարայի և Երևանի երկխոսությունը նա կապել է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների հետ. «Հարավային Կովկասում երկարատև խաղաղության երաշխիքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասշտաբային համաձայնագիրն է։ Բաքուն բարձրաձայնել է իր նախաձեռնությունները, որոնց Երևանը չի պատասխանել։ Համատեղ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է սկսի աշխատանքը։ Խոսքը նաև Զանգեզուրյան միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանում դրանով անհանգստացած են։ Երևանը պետք է կողմնորոշվի` արդյո՞ք խաղաղություն են ցանկանում»։
Չավուշօղլուն ասել է նաև, որ «հայկական զորքերը երկու տարվա ընթացքում դեռ չեն հեռացել Ադրբեջանի տարածքից»։ Նրա խոսքով` բոլորին ակնհայտ է, որ «նորմալացման գործընթացում Հայաստանը անկեղծ չէ»։
«Երևանում պետք է իմանան, որ Անկարան որևէ գաղտնի պլաններ Բաքվից չունի։ Մենք հանդես ենք գալիս խաղաղության օգտին»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։