Մատչելիության հղումներ

«Նոր քարոզչական սադրանք». Գեղամ Մանուկյանը՝ Երևանում տարածված թռուցիկների մասին


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արխիվ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արխիվ

«Հայաստան» դաշինքից հայտարարում են՝ իրենք որևէ առնչություն չունեն իրենց տարբերանշանով Երևանում տարածված թռուցիկների հետ։ Երեկ անցորդներից շատերն էին մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ նկատել, որոնց վրա հայատառ գրված է՝ «Ղրիմը Ռուսաստան է», «Լուգանսկը Ռուսաստան է», «Արցախը թող լինի Ռուսաստան» և այլն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը սա նոր քարոզչական սադրանք է որակում:

«Կազմակերպվածությունը, տպագրությունը, տպագրության որակը, «Հայաստան» դաշինքի խորհրդանիշն օգտագործելը շատ լավ կազմակերպված սադրանք էր, սադրանք «Հայաստան» դաշինքի, խորհրդարանի «Հայաստան» խմբակցության և ընդդիմության դեմ», - ասաց Մանուկյանը:

Այսօր արդեն Երևանի փողոցներում այդ թռուցիկներից գտնել մեզ չհաջողվեց: Մանուկյանը չցանկացավ անդրադառնալ թռուցիկների բովանդակությանը, հայտարարելով, որ այդպիսով սադրիչները կհասնեն իրենց նպատակին և իրենց կներքաշեն կեղծ օրակարգի մեջ։

«Հիմարություններ էր գրած, կարծում եմ, որ այս օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության, ռուս խաղաղապահների նկատմամբ դիրքորոշման, աշխարհաքաղաքական այս զարգացումներում սադրանքի փորձեր՝ կեղծ օրակարգերի մեջ ներքաշելու ու նաև թիրախավորելու ընդդիմությանը», - ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Ռուս- ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր պաշտոնական Երևանը հստակ դիրքորոշում կամ աջակցություն չի հայտնել կողմերից որևէ մեկին, բազմաթիվ անգամներ շեշտելով, որ կողմ է խնդիրների խաղաղ դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը։ Ընդդիմադիրները ևս խուսափել են կոնկրետ գնահատականներ տալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմին։

Ո՞վ է կանգնած թռուցիկների ետևում՝ ընդդիմադիրները իրենց կասկածների մասին բարձրաձայնելը ճիշտ չեն համարում։ Այս փուլում սեփական ուժերով հավաքել են իրենց հանդիպած թռուցիկները, սպասում են իրավապահների արձագանքին։

«Որևէ մեկն իրավապահներից չի հետաքրքրվել, կարծում եմ, տրամաբանական կլիներ, որ արդեն հետաքրքրվեին, որովհետև խոսքը վերաբերվում է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, խոսքը վերաբերում է այս լուրջ, հատկապես այս լարված մթնոլորտում, Ռուսաստանի արտգործնախարարության նոտայի, այս պայմաններում նման սադրանք կազմակերպելուն: Եվ Ազգային անվտանգության ծառայությունը փոխանակ Նիկոլի հիմարագույն հանձնարարությունները կատարելուն, պետք է անհանգստանար նման վտանգավոր սադրանքով», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ոստիկանության լրատվական բաժնից «Ազատությանը» փոխանցեցին, դեպքի առթիվ հաղորդում չեն ստացել, հետևաբար որևէ ուսումնասիրություն այս մասով դեռ չկա։ Իշխանական խմբակցության պատգամավորները չցանկացան որևէ կերպ մեկնաբանել Երևանի փողոցներում տարածվող թռուցիկները, այդ թվում՝ պնդումը, թե «Արցախը թող լինի Ռուսաստան»։

XS
SM
MD
LG