Պակիստանի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախկին ղեկավար՝ վարչապետ Իմրան Խանին՝ ահաբեկչության հատկանիշներով։
Իրավապահների այս քայլը հաջորդել է Խանի հայտարարությանը, թե ոստիկանությունը ձերբակալել ու կտտանքների է ենթարկել իր օգնականին, և այդ պատճառով ինքը դիմելու է դատարան` ոստիկանության սպաների և օգնականի ձերբակալությունը թույլատրած դատավորի դեմ։
Իմրան Խանին ներկայացված մեղադրանքից հետո ներքաղաքական իրավիճակը Պակիստանում լարվել է։ Նախկին վարչապետի կողմնակիցներն այսօր հավաքվել են նրա տան մոտ՝ կանխելու նրա ձերբակալությունը և կոչ անելով Խանին ստանձնել երկրի կառավարումը։
Այս ապրիլին՝ խորհրդարանում անվստահության քվեի միջոցով իշխանությունից զրկվելուց հետո Խանը ներկայիս իշխանությունների և բանակի ղեկավարության սուր քննադատներից է դարձել։ Իմրան Խանի օգնական Շահբազ Գիլին շաբաթ օրը մեղադրանք է ներկայացվել դավաճանության մեղադրանքով, այն բանից հետո, երբ նա կոչ էր արել զինվորներին և սպաներին չկատարել ռազմական ղեկավարության «ապօրինի հրամանները»։ Դավաճանության համար Պակիստանում մահապատիժ է սահմանված։