Մատչելիության հղումներ

Բեռնատարների վարորդները վերստին փակել էին Սիսիան-Գորիս ճանապարհը 


Այսօր՝ այս շաբաթ արդեն երրորդ անգամ բեռնատարների վարորդները փակել էին Սիսիան-Գորիս ճանապարհը՝ պահանջելով փոխել բեռնատարների թույլատրվող առավելագույն քաշը և չիրականացնել սռնիների կշռում։

Կարեն Հակոբյանը 13 տարի Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումներ է իրականացնում։

«Դե պիտի չաշխատենք, տենց եմ հասկանում, մենք տենց հնարավորություն չունենք, որ իրանց ասածի պես շարժվենք», - ասաց Հակոբյանը:

Դեռ 2006 թվականին ընդունված կառավարության որոշմամբ, հայաստանյան ճանապարհներով երթևեկող բեռնատարները չպետք է գերազանցեն սահմանված քաշը, այլապես ճանապարհները վնասվում են։

Հայաստանյան բեռնատարների զգալի մասը ունեն երեք սռնի։ Այս բեռնատարների պարագայում թույլատրված առավելագույն քաշը 26 տոննան է։ Ընդ որում, հետևի յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չպետք է գերազանցի 9,5 տոննան, իսկ առջևինը՝ 7 տոննան։

Նման բեռնատարների վարորդները բողոքում են՝ պահանջելով առավելագույն քաշը բարձրացնել 28 տոննայի, ինչպես հարևան Իրանում է։ Բացի այդ՝ կշռել ոչ թե ըստ սռնիների, այլ ողջ բեռնատարը։ Նրանց խոսքով, Սյունիքի մարզի լեռնային՝ վարուվեր անող ճանապարհներով երթևեկելիս չեն կարողանում բեռնատարի հետևի մասում շատ բեռ բարձել, առջևի մասում՝ քիչ, քանի որ այդ դեպքում բեռնատարի ընթացքը դառնում է խիստ անհարմար, երբեմն՝ անհար։ Առաջարկում են բեռնատարի մեջ բեռը հավասարաչափ բաշխել, որպեսզի երթևեկելը դյուրին լինի։ Սակայն այս պարագայում առջևի սռնու վրա 7 տոննան գերազանցող բեռ է հայտնվում, ինչը նշանակում է տուգանվել 200 հազար դրամ։

«Ավտոյի մեջ հավասար բարձում, ավտոն սիրուն կարողանում ես աշխատացնես, իսկ եթե հետևը ծանր անեմ, ավտոյի հետևը կախվում ա, չի լինում քշել, անհնար ա քշել», - ներկայացրեց Կարեն Հակոբյանը:

Նախորդ տարիներին բեռնատարի քաշը ստուգող շարժական կշեռք կար, սակայն այս տարվա օգոստոսի 4-ից Սիսիանի մոտ անշարժ կշեռք է տեղադրվել, ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները՝ ոստիկանության հետ համատեղ այլևս կշռում են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհով ընթացող բոլոր բեռնատարները։

Օրեր առաջ, երբ բեռնատարների վարորդները առաջին անգամ էին փակել մայրուղին, նրանց հանդիպեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոստանալով հանդիպում կազմակերպել խնդրի վերաբերյալ։ Փոխարենը, վարորդները բացել էին ճանապարհը։

Նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանն այսօր «Ազատությանը» տեղեկացրեց, որ հանդիպումը կայացել է այս հինգշաբթի՝ նախարարությունում։

«Մեր երկու փոխնախարարների, տեսչական մարմնի, ինչպես նաև վարորդների ներկայացուցչի մասնակցությամբ հանդիպումը տեղի է ունեցել, քննարկում է եղել ու այնտեղ ինչպես մեր նախարարության, այնպես էլ տեսչական մարմնի ներկայացուցիչները հիմնավորել են, որ այդ սահմանված չափը, տոննան, կշռման կարգը միջազգային նորմերին համապատասխան կարգ է, ստանդարտներ են և դրանից ավելի թույլատրելը հիմնավորվում է, որ դա լուրջ վտանգ է ներկայացնում ճանապարհների վնասման հարցում», - ասաց Հարությունյանը:

Հանդիպումից, փաստորեն, վարորդները դժգոհ են մնացել և երեկ ու այսօր կրկին փակել էին մայրուղին։

«Ես չեմ կարող ասել՝ կառավարությունում ինչ են մտածում, բայց կարող եմ այս պահի դրությամբ ասել, որ որևէ օրենսդրական փոփոխություն այդ մասով չի քննարկվում», - ընդգծեց նախարարի խոսնակը:

Վարորդները մի ելք են տեսնում. - «Վարորդները խոսում են, որ վերջը մեր ուզածով պիտի լինի, ես տենց եմ հասկանում: Ոչ թե մեր ուզածով պիտի լինի, իրավիճակն ա տենց ստիպում»:

Իրան-Հայաստան ավտոմայրուղին երկրի համար կենսական նշանակություն ունեցող ուղիներից է, ուր բեռնափոխադրումն իրականացվում է բացառապես ավտոմեքենաների միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG