Մատչելիության հղումներ

Իտալացի Մասսիմիլիանոն Գյումրիում վերականգնել է 19-րդ դարի տունն ու հյուրատուն բացել


Իտալացի նախկին կոմունիստ Մասսիմիլիանո Ֆլորիանին կամ ինչպես շատերն են ասում՝ Մաքսը, արդեն 3 տարի է՝ ընտանիքի հետ բնակվում է Գյումրիում ու սեփական բիզնեսն է հիմնել: Ասում է՝ տունը նորոգող վարպետներից է սովորել հայերեն, երբ փորձում էր Սլաբոտկա թաղամասի՝ 1800-ականների տներից մեկը վերականգնել ու հյուրատուն դարձնել:

«Երբ ես եկա այստեղ, տեսա շատ սիրուն շենք կա Գյումրիում: Չի կարելի քանդել մի պատ», - ասաց նա:

Հպարտությամբ է ցույց տալիս, թե ինչպես է գյումրեցի վարպետների հետ երկրորդ կյանք տվել հին դռներին. - «Շատ հին դուռ ա, ամբողջը ռեստավրացիա»:

Ասում է՝ հյուրատունը կիսով չափ նաև թանգարան է՝ կահույքը խորհրդային տարիների է, կահ-կարասին՝ նույնպես, ջահերը՝ հիմնականում չեխական․ փորձել է վերականգնել այն միջավայրը, որը սովետական տարիներին հաճախ կարելի էր հանդիպել Լենինականում։

«Սովետը շատ եմ սիրում, շատ լավ դիզայն ա, էս էլ սովետական ա, շատ սիրուն ա», - ասաց Գյումրի տեղափոխված իտալացին:

Հյուրատանը կոմունիստական խորհրդանիշների պակաս էլ չկա՝ Լենինի մի քանի կիսանդրիներ, նկար, մեդալներ, նույնիսկ դրոշ: Սերը կոմունիստական սիմվոլների նկատմամբ պարզվեց պատահական չէ: Իտալիայում մեծացել է կոմունիստների տանը, հետո նաև ինքն է դարձել կոմունիստ:

«Իմ պապը կոմունիստ էր, իտալական կոմունիստը ուրիշ ա», - նշեց Մասսիմիլիանո Ֆլորիանին:

Նա իտալական անցյալն ու ժառանգությունը թողել՝ Հայաստան է եկել հինգ տարի առաջ, ամուսնացել է երևանցի Մարիամի հետ, ու միասին որոշել են Գյումրի տեղափոխվել։ Երևանից Գյումրի գնացքով են հասել՝ հարսանքավորների մեծ խմբով, 3 ժամ գնացքում շարունակվել է հայ-իտալական հարսանիքը։

Հարսանիքը 3 օր ու գիշեր է տևել՝ հայկական ու իտալական ավանդույթների համադրմամբ: Գնացքով Գյումրի գալու գաղափարը Մաքսինն է եղել՝ ասում է Մարիամը:

«Պապաս ասաց, որ «Գյումրիից չես դուրս գալու, մեր տնից ես դուրս գալու», Մաքսն ասաց, որ ինքն էլ ա ուզում էդ տրադիցիայով, հետո որոշեցինք, որ տրանսվերը կկազմակերպենք հենց գնացքով, իմ կողմից 5 հոգի ա եկել երևի, հորաքույրս, բարեկամներիցս ու քույրիկներս, ուրիշ ոչ մեկ էդ ռիսիկն չգնաց հին գնացքով գալ Գյումրի, իսկ Մաքսի կողմից՝ 60 հոգի, բոլորը համաձայնեցին, որ գնացքով պետք ա լինի», - պատմեց Մարիամը:

3 տարի է՝ երիտասարդ զույգն ապրում է Գյումրիում արդեն մեկ տարեկան դուստր ունեն: Մաքսին դուր է եկել հատկապես Գյումրիի ճարտարապետությունը, ասում է, հարազատություն է զգացել․ - «Ճարտարապետությունը շատ արիստոկրատիկական է: Գյումրին իմ համար միակ քաղաքն էր, որը պատմամշակութային կենտրոն ունի ու նաև ամենամոտն էր Իտալիային: Այլ քաղաքներում չեմ նկատել, որ կա պատմամշակութային ճարտարապետությունը, որն այստեղ պահպանված է դեռ ու հուսով եմ որ կպահպանվի: Չնայած որ կեղտոտ էր ու քանդված, միակն էր, որ այդ գեղեցկությունն ունի պահպանած»:

Գյումրի տեղափոխվելու առաջին օրվանից ընկերներն ու ծանոթ-անծանոթները հորդորել են ետ կանգնել այդ մտքից։ Համոզել են, թե աղետից տուժած քաղաքում դժվար է ապրել, առավել ևս՝ հաջողության հասնել։ Բայց արդեն 3 տարի է՝ ապրում են, ու ոչ մի օր չեն զղջացել, մտածում են անգամ բիզնեսն ընդլայնելու մասին: Ասում է՝ հաջողել են, քանի որ սիրել են Գյումրին ու պատրաստ են եղել դժվարությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG