Մատչելիության հղումներ

Մոնտենեգրոյի խորհրդարանը վերստին անվստահություն է հայտնել կառավարությանը


Մոնտենեգրոյի խորհրդարանն անվստահություն է հայտնում Դրիտան Աբաժովիչի կառավարությանը, Պոդգորիցա, 20 օգոստոսի 2022թ.
Մոնտենեգրոյի խորհրդարանն անվստահություն է հայտնում Դրիտան Աբաժովիչի կառավարությանը, Պոդգորիցա, 20 օգոստոսի 2022թ.

Մոնտենեգրոյի խորհրդարանն այսօր քվեարկությամբ անվստահություն է հայտնել վարչապետ Դրիտան Աբաժովիչի կառավարությանը:

Օրինագիծը ներկայացրել են 36 պատգամավորներ, ովքեր առաջարկել են բողոք հայտնել կառավարության ընդունած համաձայնագրի դեմ, որով պետք է կարգավորվի երկրի երկարատև պատմական վեճը Սերբիայի ուղղափառ եկեղեցու հետ:

«Խորհրդարանի հարգարժան անդամներ, 51 պատգամավոր քվեարկել է, 50-ն անվստահություն է հայտնել, մեկը վստահություն է հայտնել, այսպիսով, այս կառավարությունը կորցրել է վստահությունը», - ազդարարել է խորհրդարանի խոսնակ Դանիելա Ջուրովիչը:

Վստահությունը կորցրած վարչապետն ասել է, թե երկիրը պետք է կա՛մ գողերը ղեկավարեն, կա՛մ քաղաքացիները, և իր կաբինետը քաղաքացիների կառավարման կողմնակից է:

«Ես շատ հպարտ եմ մեր կատարած աշխատանքով, մեզ կհիշեն որպես ամենակարճ ժամանակն աշխատած, բայց ամենադժվար որոշումները կայացրած կառավարություն»,- ասել է Ջուրովիչը:

Սա Մոնտենեգրոյում այս տարվա ընթացքում կառավարությանն անվստահություն հայտնելու արդեն երկրորդ դեպքն է: Փետրվարին պաշտոնանկ է արվել Սերբիայի ուղղափառ եկեղեցու աջակցությունը վայելող Մոնտենեգրոյի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչը:

ՆԱՏՕ-ի անդամ և Եվրամիությանն անդամակցելու նպատակ ունեցող այդ երկրում նախագահ Միլո Ջուկանովիչն այժմ պետք է վարչապետի նոր թեկնածու առաջադրի: Չի բացառվում նաև արտահերթ ընտրությունների տարբերակը:

Ընդամենը 625 հազար բնակիչ ունեցող Մոնտենեգրոյում տարիներ շարունակ քաղաքական զարգացումների հիմքում առանցքային վեճն է իրենց որպես մոնտենեգրացի նույնականացնողների և ռուսամետ սերբերի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG