Մատչելիության հղումներ

«Բարեկամության կամուրջը մեր համագործակցության հաջողությունն է մարմնավորում». Իրակլի Ղարիբաշվիլի


«Մեր երկրների միջև նոր բարեկամության կամուրջ ենք կառուցել», - հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման միջոցառման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հավելելով՝ «այս կամուրջը հզորացնում է մեզ, մեր երկրները, ողջ տարածաշրջանը»:

Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում նշել է՝ բարեկամության կամուրջը «մեր համագործակցության և մեր բարեկամության հաջողությունն է մարմնավորում»:

«Երկու պետությունների տարածքում գտնվող համատեղ կառուցված ժամանակակից չափորոշիչներով և չափանիշներով 160մ երկարության քառաշերտ կամուրջը տարածաշրջանում հազվագյուտ նախագիծ է: Նրա գործարկմամբ տրանսպորտի թողունակությունը կրկնապատկվում է սահմանին, բարելավվում է անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների, հյուրերի, այնպես էլ տարանցիկ ավտոտրանսպորտի համար, իսկ դա իր հերթին կնպաստի առևտրային և տնտեսական հարաբերությունների էլ ավելի հզորացմանը», - ընդգծել է Վրաստանի վարչապետը:

Իրակլի Ղարիբաշվիլին հավելել է, որ կամուրջը ձեռք է բերում նաև ռազմավարական նշանակություն, որպես արևելք-արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում համոզմունք է հայտնել, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները «խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ»:

«Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար: Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթյուններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ», - հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք»:

«Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ, և հենց սա նկատի ունեմ, որ մեր աշխատանքով պետք է այդ ներուժը կարողանանք օգտագործել: Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, - «ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով»։

«Մեր երկկողմ համագործակցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը, մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնությունների համար։ Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրականացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակցությանը», - նաև հավելել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով՝ ընդգծելով նաև ընդգծել նաև երկաթուղային տրանսպորտային համագործակցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։

«Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: Համագործակցության արդյունավետ մեծ փորձ կա էներգետիկայի ոլորտում: Նշված, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ առօրյա և հետևողական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան գերատեսչությունների և կառույցների կողմից», - ասել է նա։

Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք:

Բագրատաշեն անցման կետի կամրջի վերակառուցման ծրագրին իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Հյուսիսային սահմանի արդիականացման ծրագրի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 23-ին: 2014-ի դեկտեմբերի 24-ին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիր, որով ստեղծվել է միջկառավարական հանձնաժողով՝ ծրագիրը համատեղ իրականացնելու նպատակով: Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG