«Բելտա» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բրեստի շրջան այսօր կատարած այցի ընթացքում բնակիչների հետ զրույցում վստահեցրել է, որ Բելառուսը մտադիր չէ հարձակվել Ուկրաինայի վրա:
«Չկարծեք, թե ես Ուկրաինայի վրա ինչ-որ հարձակում եմ ծրագրում, թե ուր որ է մենք կսկսենք Բելառուսի տարածքից ռմբահարել Ուկրաինան և այլն: Բացարձակ չունեմ ցանկություն, որ ձեր և իմ երեխաները պատերազմեն: Հանուն ինչի՞: Մեզ պետք է հանդարտվել»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, «ոչ մի Ուկրաինա այսօր չի կռվում, այսօր Ռուսաստանի հետ է պատերազմում ՆԱՏՕ-ի ամբողջ դաշինքն ու նախևառաջ Ամերիկան»: Լուկաշենկոյի փոխանցմամբ, Եվրոպան վաղուց արդեն կդադարեցներ այս պատերազմը, եթե Միացյալ Նահանգները Լեհաստանի օգնությամբ չշարունակեր այն հրահրել:
Նա ասել է, որ Բելառուսը հազարավոր ուկրաինացիների ապաստան է տվել, և հիմա նրանք բելառուսական քաղաքացիություն են ստանում:
«Միայն տեսնեք, թե ինչպես են աշխատում: Եվ շատ գոհ են: Ինչո՞ւ: Որովհետև վիշտ են վերապրել, պատերազմ են վերապրել, նրանք մերոնցից մեկն են, մենք չպետք է նեղացնենք նրանց»,- ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոյի փոխանցմամբ, պետք է պահպանել և պաշտպանել այն, ինչ կա և հույս չփայփայել, թե ինչ-որ մեկը դրսից ինչ-որ բան կբերի և կնվիրի Բելառուսին:
«Մենք ունենք աշխատելու հնարավորություն, մենք ամեն ինչ ունենք ապրելու և վաստակելու համար»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: