Մատչելիության հղումներ

Փոխծովակալ Վիկտոր Սոկոլովը նշանակվել է Սևծովյան նավատորմի հրամանատար


Ռուսաստանի Զինված ուժերի Սևծովյան նավատորմի նոր հրամանատար է նշանակվել փոխծովակալ Վիկտոր Սոկոլովը: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նավատորմի կենտրոնական շտաբը գտնվում է Սևաստոպոլ քաղաքում:

«Գլխավոր հրամանատարի հրամանն արձակվել է, փոխծովակալին ներկայացրել են ռազմական խորհրդին, հանրային միջոցառում չի եղել և, հավանաբար, չի լինի Սևաստոպոլում ահաբեկչության վտանգի «դեղին» աստիճանի հռչակման կապակցությամբ»,- ասել է ռուսաստանյան լրատվական գործակալության անանուն աղբյուրը:

Սևծովյան նավատորմի նախորդ հրամանատարը ծովակալ Իգոր Օսիպովն էր, ով այդ պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի մայիսին:

Մեկ այլ աղբյուր, որը ծանոթ է տիրող իրավիճակին և անձամբ ճանաչում է Սոկոլովին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, թե «հատուկ ռազմական գործողության» պայմաններում ոչ ոք պարտավոր չէ հանրային մակարդակով հաղորդել նման նշանակումների մասին»:

Ղրիմում անցած օրերի ընթացքում տեղի են ունեցել հուժկու պայթյուններ, որոնք էական վնաս են հասցրել ռուսական ուժերին:

Ծովակալ Օսիպովին Սևծովյան նավատորմի հրամանատարի պաշտոնից հեռացնելու հրամանագրի ընդունմամբ արձանագրվել է Ռուսաստանում բարձրաստիճան սպայակազմի շրջանում առաջին պաշտոնանկությունը մոտ վեց ամիս տևող այս պատերազմի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG