Քսանամյա դադարից հետո վերստին իշխանության եկած թալիբներն այսօր տոնում են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի գրավման մեկ տարին։ 2021-ի օգոստոսի շրջադարձային իրադարձությունները, որ հանգեցրին Արևմուտքի աջակցությունը վայելող իշխանությունների հեռացմանը, հիմնովին վերափոխեցին Աֆղանստանը՝ փլուզելով երկրի տնտեսական և անվտանգային համակարգերը։
Մայրաքաղաքի գրավման մեկ տարին տոնելով՝ այսօր «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիները սպիտակ պաստառներով և հրացաններով զինված հաղթական շքերթներ էին կազմակերպել Քաբուլում։ Նրանք շրջում էին փողոցներով հեծանիվներով, ոտքով և մոտոցիկլետներով՝ տոնելով իրենց հաղթանակը։ Թալիբների մի փոքր խումբ անցնելով ԱՄՆ նախկին դեսպանատան մոտով` վանկարկում էր՝ «Կեցցե իսլամը» և «Մահ Ամերիկային»:
Դրամատիկ իրադարձություններից մեկ տարի անց Աֆղանստանում շատ բան է փոխվել: Միջազգային համայնքի կողմից մեկուսացված նախկին ապստամբները պայքարում են իշխանությունը պահելու համար, մինչդեռ երկրի տնտեսական անկման հետևանքով միլիոնավոր աֆղանցիներ հայտնվել են ծայրաստիճան աղքատության, նույնիսկ՝ սովի եզրին, քանի որ օտարերկրյա օգնության հոսքը զգալիորեն նվազել է։
Միաժամանակ, թալիբների գլխավորած կառավարությունում են հայտնվել արմատական շարժման որոշ ներկայացուցիչներ, որոնք շարունակում են խստորեն սահմանափակել կանանց կրթության և աշխատանքի իրավունքները՝ հակառակ նախապես տրված խոստումներին: Իշխանության գալուց մեկ տարի անց Աֆղանստանում դեռահաս աղջիկներին արգելվում է դպրոց գնալ, կանանց՝ աշխատել։ Կանանցից պահանջվում է ոտքից գլուխ ծածկված լինել փարաջայով նախքան տնից դուրս գալը։
Ոմանք փորձում են ուղիներ գտնել, որպեսզի երիտասարդ աղջիկները կրթության հնարավորություն ստանան և տնային պայմաններում գործող ընդհատակյա դպրոցների քանակն ավելանա։
Մեկ տարի առաջ՝ օգոստոսին, ամբողջ աշխարհը ցնցված հետևում էր Քաբուլի օդանավակայանում սկսված քաոսին, երբ հազարավոր աֆղանցիներ փորձում էին փախուստի դիմել ամերիկյան ամենաերկար՝ 20-ամյա պատերազմի ավարտին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։
Այդ քաոտիկ օրերից կարճ ժամանակ անց որոշ չեղարկված չվերթներ համեմատաբար արագ վերականգնվեցին։ Այսօր էլ բազմաթիվ ինքնաթիռներ են վայրեջք կատարում մայրաքաղաք Քաբուլում և այնտեղից թռիչքներ իրականացնում։ Մեկ տարի առաջ այս օրերին, սակայն, նույն օդանավակայանում բազմաթիվ աֆղան տղամարդիկ կառչում էին թռիչքուղու վրա թափ հավաքող ինքնաթիռների անիվներից, ինչի արդյունքում գրանցվեցին որոշ զոհեր։
Այսօր Քաբուլի դպրոցների բակերը դատարկ էին։ Թալիբները օգոստոսի 15-ը պետական տոն են հռչակել, որը նշում են որպես «հպարտության օր» և «Իշխանության վերադարձի առաջին տարեդարձ»:
Քաբուլի անկումից մեկ տարի անց՝ նախօրեին, Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին հիմնավորեց երկիրը լքելու իր որոշումը՝ ասելով, որ ցանկանում էր խուսափել ապստամբներին հանձնվելու նվաստացումից: Աֆղանստանի նախկին նախագահը CNN-ին ասել է, որ 2021 թվականի օգոստոսի 15-ի առավոտյան, երբ թալիբները Քաբուլի դարպասների մոտ էին, նա իր պահակախմբի անհետանալուց հետո վերջին մարդն էր նախագահական պալատում։
Աֆղանստանում Եվրամիության հատուկ բանագնաց Թոմաս Նիկլասոնը հայտարարել է, որ իրենք հավատարիմ են մնում աֆղան ժողովրդին և «Աֆղանստանում ու տարածաշրջանում կայունությանը, բարգավաճմանը և կայուն խաղաղությանը»:
«Դա պետք է ներառական քաղաքական գործընթաց լինի, որը կհարգի բոլոր աֆղանցի տղամարդկանց և կանանց լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցությունն ու մարդու իրավունքները», - գրել է Նիկլասոնը:
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բաերբոքը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ից զորքերի հեռանալուց հետո Աֆղանստանի նկատմամբ միջազգային հանրության պատասխանատվությունը ուժի մեջ է մնում:
«Մարդու իրավունքները ոտնահարող ռեժիմը ոչ մի դեպքում չի կարող լեգիտիմ ճանաչվել։ Սակայն, անգամ թալիբների կողմից իշխանությունը բռնազավթելուց մեկ տարի անց մենք չպետք է մոռանանք Աֆղանստանի ժողովրդին», - ասվում է Գերմանիայի արտգործնախարարի հայտարարության մեջ: