Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ավարտին է հասցրել զորքերի դուրսբերումը Մալիից


Ելիսեյան պալատն այսօր հայտարարել է աֆրիկյան Մալի պետությունից ֆրանսիական զորքերի դուրսբերման ավարտի մասին։ Ֆրանսիացի զինվորականները կառավարական բանակի հետ միասին Մալիում գործող իսլամիստական խմբավորումների դեմ սկսել էին կռվել 2013 թվականին։

Պաշտոնական Փարիզի փոխանցմամբ՝ Մալիում տեղակայված ֆրանսիական ստորաբաժանումները վերատեղակայվել են հարևան Նիգերի տարածքում։ Ֆրանսիայի կառավարությունը Մալիից զորքերի դուրսբերման մասին հայտարարեց այս տարվա փետրվարին՝ պաշտոնական Փարիզի և Մալիում հեղաշրջման արդյունքում իշխանության եկած զինվորական խունտայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին։

«Մալիում ծավալված գործողություններում ներգրավված վերջին ֆրանսիացի զինվորականն այսօր լքել է երկիրը։ Չնայած զորքերի դուրսբերմանը՝ Ֆրանսիան շարունակելու է ներգրավված մնալ ահաբեկչության դեմ պայքարին, որ ծավալվել է Սահելի, Գվիենայի ծովածոցի և Չադ լճի տարածաշրջաններում», - նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG