Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոսը աջակցում է Ռուսաստանի դեմ ուկրաինացիների պայքարին։
«Ես բանակցել եմ Հռոմի պապի հետ, երախտագիտություն եմ հայտնել նրան ուկրաինացիներին ցուցաբերած աջակցության համար։ Մենք քննարկել ենք, թե ինչ համատեղ ջանքեր կարող ենք ձեռնարկել մեր խաղաղությունը մեր երկիր վերադարձնելու համար։ Ես տեղեկացրել եմ հովվապետին ռազմաճակատում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ահաբեկչության ծավալների մեծացմանն ուղղված ջանքերի մասին։ Հռոմի պապը համաձայն էր ինձ հետ և իր աջակցությունը հայտնեց», - ուրբաթ երեկոյան հեռարձակված ամենօրյա ուղերձում ասում էր Վլադիմիր Զելենսկին։
Խոսելով ռուսաստանցիներին՝ ԵՄ մուտքի վիզաների տրամադրումն արգելելու հեռանկարի մասին՝ Զելենսկին գոհունակություն էր հայտնում, որ այդ գաղափարն արդեն իսկ քննարկվում է պաշտոնական մակարդակում։
«Այն ամենից հետո, ինչ արեցին զավթիչները, Ռուսաստանի նկատմամբ միայն մեկ մոտեցում է հարկավոր որդեգրել՝ այն պետք է ընկալվի որպես ահաբեկչությանն աջակցող պետություն։ Եվ սա պետք է վերաբերի նաև Ռուսաստանի քաղաքացիներին։ Ես շնորհակալ եմ Չեխիայից, բալթյան երկրներից, այլ պետություններից, որոնք ահաբեկիչ պետության քաղաքացիներին տրամադրվող վիզաների հարցը տեղափոխել են պաշտոնական հարթություն», -հայտարարում էր Զելենսկին։