Մատչելիության հղումներ

Եվրոպայում երաշտի վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել


Ֆրանսիայի Բուրգունդիա շրջանի Լյուքս փոքրիկ գյուղում, որի միջով ժամանակին անցնում էր այժմ ցամաքած Թիյ գետը, դեռևս կարելի է հանդիպել «լողալն արգելվում է» ցուցանակը, իսկ շրջակայքում՝ հազարավոր սատկած ձկների։

Ֆրանսիայում և եվրոպական բազմաթիվ երկրներում աննախադեպ երաշտը բացասաբար է ազդում շրջակա միջավայրի և տնտեսության առանցքային ոլորտի՝ գյուղատնտեսության վրա: Եվրոպայում երաշտի վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել։

Արևմտյան, կենտրոնական և հարավային Եվրոպայում գրեթե երկու ամիս էական տեղումներ չեն գրանցվել: Ենթադրվում է, որ անձրևների ցածր կամ առանց տեղումների շրջանը կշարունակվի, անգամ ավելի կվատթարանա, որը ըստ փորձագետների՝ կարող է գրանցվել որպես վերջին 500 տարիների ամենաուժեղ երաշտը:

Բուրգոն-Ֆրանշ-Կոնտե դեպարտամենտի ձկնորսության և ջրային միջավայրի պաշտպանության ֆեդերացիայի գլխավոր տեխնիկ Ժան-Ֆիլիպ Քուասնեն ցամաքած գետի հատակով ու հարակից տարածքով քայլելով՝ ցույց է տալիս սատկած ձկներին։ «Ինչպես տեսնում եք, գետի ցամաքելուց հետո բազմաթիվ ձկներ սատկել են։ Որոշ ձկներ դեռ կենդանի են, թփրտում են և տանջվում։ Գետերն ամբողջությամբ ցամաքում են», - ցավով արձանագրում է Ժան-Ֆիլիպ Քուասնեն։

Ըստ Քուասնեի՝ գետը նախկինում 15 մետր լայնություն ուներ, իսկ հիմա այն գրեթե ամբողջովին ցամաքել է: «2015-ից սկսած գրեթե ամեն տարի այս իրավիճակն է, բացառություն էր 2021 թվականը, երբ ամռանը անձրևները շատ էին։ Հիմա, ցավոք, այս իրավիճակը սովորական է դարձել», - հավելում է նա։

Ջրային ռեսուրսների ծավալների հետ նվազում է նաև թթվածնի մակարդակը, որը սպառնում է ձկներին, որոնք կարողացել են գոյատևել վերին հոսանքին կից տարածքներում, որտեղ դեռ ջուր կա: Ըստ Ֆրանսիայի Ազգային օդերևութաբանական գործակալության՝ տաք, առանց տեղումների և զգալիորեն քիչ անձրևներով եղանակը կարող է շարունակվել մինչև հոկտեմբեր:

Ցամաքած գետ Ֆրանսիայում
Ցամաքած գետ Ֆրանսիայում

«Այո, դա տխուր է, բայց ի՞նչ կարող ենք անել», - ասում է տարածաշրջանում ֆեդերացիայի նախագահ Ժան-Պիեռ Սոնվիկոն ու հավելում, - «մենք սպասում ենք, հուսով ենք, որ փոթորիկներ կլինեն, անձրևներ, բայց փոթորիկները շատ տեղային են, ուստի մենք չենք կարող մեր հույսը դնել դրա վրա»:

Բուրգունդիայի հողերը, որտեղից սկիզբ են առնում Սենա գետի ջրերը, սովորաբար կանաչապատ են։ Այս տարի, սակայն, խոտը դեղին է, անասունները զրկվել են թարմ խոտից, իսկ տրակտորները աշխատում են չոր դաշտերում և փոշու հսկայական ամպեր առաջացնում։

31-ամյա Բապտիստ Կոլսոնը Մոլոյ գյուղում կովեր է պահում և հացահատիկ աճեցնում։ Նա նաև Cote d'Or-ի Երիտասարդ ֆերմերների արհմիության ղեկավարն է։ Ռեկորդային բարձր ջերմաստիճանը բացասաբար է անդրադառնում անասնաբուծության վրա՝ նվազում է կաթի քանակն ու որակը, ասում է նա։ Կոլսոնի պապը՝ հիշելով 1976 թվականի ծանր երաշտը, որը հարվածել էր գրեթե ամբողջ Եվրոպային, ասում է, որ այս տարի իրավիճակն «ավելի վատ է», հատկապես այն պատճառով, որ անձրևի բացակայությանը գումարվել է ռեկորդային շոգը:

Անցյալ շաբաթ առաջին անգամ Կոլսոնը, որ ինը տարի աշխատում է իր ընտանիքին պատկանող ֆերմայում, դարակներ գնեց անասնակերի համար։ «Առաջին տարին է, որ մեր արոտավայրը այս վիճակում է, տարվա այս եղանակին: Մենք ստիպված ենք անասնակեր բերել այս արոտավայրում գտնվող մեր անասունների համար, քանի որ այստեղ բավականաչափ խոտ չի աճում», - պատմում է Կոլսոնը։

Որոշ ֆերմերներ էլ ստիպված են տրակտորով կենդանիների համար ջուր հասցնել այն տարածքներ, որտեղ խմելու ջուրը ցամաքել է։ Հացահատիկային մշակաբույսերը նույնպես տուժում են շոգից, չոր եղանակից:

Ըստ S&P Global Commodity Insights-ի զեկույցի՝ Եգիպտացորենի և արևածաղկի մշակության ծավալները Եվրամիությունում նախորդ տարվա համեմատ կրճատվել են, եգիպտացորենինը՝ 12,5 մլն տոննայով, արևածաղկինը՝ 1,6 մլն տոննայով։ Կոլսոնի կանխատեսումներով նույնպես՝ եգիպտացորենի հաջորդ բերքի ծավալը կնվազի առվազն 30 տոկոսով, հացահատիկի որակն էլ կվատանա, ինչը մեծ մտահոգություն է, քանի որ այն կաթնատու կովերի հիմնական սնունդն է։

«Դե, մենք գիտենք, որ պետք է կեր գնենք, խտանյութեր, փորձենք հավասարակշռել սննդի ընդունումը, որ կովերը կարողանան շարունակել կաթ արտադրել: Ֆինանսական տեսանկյունից դա շատ թանկ կարժենա», - ասում է Կոլսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG