Մատչելիության հղումներ

Մոսկվան միառժամանակ կարգելի տեսչական այցերը ռազմավարական սպառազենի օբյեկտներ


PC-24 «Ярс» տեսակի միջմայրցամաքային հրթիռը զորահանդեսի փորձի ընթացքում, արխիվ, Մոսկվա, 28 ապրիլի, 2016թ.
PC-24 «Ярс» տեսակի միջմայրցամաքային հրթիռը զորահանդեսի փորձի ընթացքում, արխիվ, Մոսկվա, 28 ապրիլի, 2016թ.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին դիվանագիտական խողովակներով տեղեկացրել է այն մասին, որ միառժամանակ կարգելի ռազմավարական հարձակողական սպառազենի ռուս-ամերիկյան պայմանագրով նախատեսված միջազգային տեսչական այցերը նշված սպառազենի տեղակայման կենտրոններ:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նշում է, որ «Մոսկվան այդ վճիռը կայացրել է ի պատասխան Վաշինգտոնի ոչ բարեկամական գործողությունների»:

«Ռուսաստանը ստիպված է դիմել այդ միջոցին, քանի որ Վաշինգտոնը հաշվի չի առնում իրականությունը և համառորեն ցանկանում է իր պարտադրած պայմաններով վերսկսել տեսչական գործունեությունը: Դա միակողմանի առավելություն կտա ԱՄՆ-ին և Ռուսաստանին կզրկի ամերիկյան տարածքում տեսչության հնարավորությունից»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Մոսկվան նշում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կանոնավոր ավիահաղորդակցության բացակայության, ինչպես նաև ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից ռուսաստանյան ինքնաթիռների համար օդային տարածքի փակման պայմաններում ռուսական տեսչական խմբերը զրկվել են ամերիկյան կենտրոններում տեսչություն իրականացնելու հնարավորությունից:

Մոսկվան նաև հավաստիացնում է, որ «լիովին հավատարիմ է մնում ռազմավարական հարձակողական սպառազենի պայմանագրի բոլոր դրույթներին»:

2010 թվականին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կնքած պայմանագիրն ուժի մեջ է մտել 2011-ին: Դրանից հետո կողմերն ընդհանուր հաշվով ավելի քան 300 տեսչական գործողություն են իրականացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG