Կոսովոյի և Սերբիայի միջև լարվածության ֆոնին առաջիկա շաբաթներին երկու երկրների առաջնորդները Եվրամիության միջնորդությամբ Բրյուսելում կհանդիպեն։ Ալեքսանդր Վուչիչը և Ալբին Կուրտին ընդունել են Եվրոպական դաշինքի դիվանագիտության ղեկավարի հրավերը, այս մասին տեղեկացրել է ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն։
Կոսովոյում իրադրությունը սրվել է ինքնահռչակ հանրապետության իշխանությունների աղմկահարույց որոշման պատճառով, որի համաձայն երկրամասի տարածքում սերբական պետհամարանիշների գործողության ժամկետը պետք է դադարեցվի: Ըստ բողոքի ալիք հարուցած մյուս որոշման` Կոսովոյում բնակվող տասնյակ հազարավոր սերբերի համար պետք է խստացվեն մուտքի կանոնները, բացի այդ, կոսովաբնակ սերբերը Սերբիայից երկրամաս մուտք գործելու դեպքում պետք է մասամբ ճանաչված հանրապետության իշխանությունների կողմից թողարկված անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնեն։
Պրիշտինայի վարչական այս փոփոխությունները աննախադեպ դժգոհություն է հարուցել երկրում բնակվող սերբերի շրջանում, որոնք ի նշան բողոքի փակել էին մի շարք առանցքային ճանապարհներ։ Բողոքի գործողությունները դադարեցրել են միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Պրիշտինան հայտարարեց, որ մեկ ամսով հետաձգում է աղմկահարույց որոշումները:
Կոսովոն Սերբիայից միակողմանիորեն անկախություն հռչակել 2008-ին։ Բելգրադը, սակայն, շարունակում է պնդել, որ իր նախկին նահանգը երկրի անբաժանելի մասն է։ Եվրամիությունը փորձում է համոզել բալկանյան երկու հարևաններին բարելավել հարաբերությունները, սակայն տարիներ շարունակվող բանակցությունները առայժմ էական արդյունք չեն տվել: