Մատչելիության հղումներ

«Ալ-Ղաիդա»-ի առաջնորդը սպանվել է ԱՄՆ-ի հարվածից. Բայդեն


«Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Այման ալ-Զավահիրին, արխիվ
«Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Այման ալ-Զավահիրին, արխիվ

Անօդաչուի հարվածից Աֆղանստանի մայրաքաղաքում սպանվել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման ալ-Զավահիրին: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

Սա 2011 թվականին «Ալ-Ղաիդա» առաջնորդ Ուսամա բին Լադենի սպանությունից ի վեր ծայրահեղական խմբավորմանը հասցված ամենաուժգին հարվածն է:

«Հայրենակիցներ, շաբաթ օրը, իմ վերահսկողությամբ, Միացյալ Նահանգները հաջողությամբ օդային հարված իրականացրեց Աֆղանստանում՝ Քաբուլում, որի արդյունքում սպանեց «Ալ-Ղաիդա»-ի էմիր Այման ալ-Զավահիրին: Նրա ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել, քաղաքացիական զոհեր չկան: Ես այժմ ամերիկացի ժողովրդին այս լուրը հայտնում եմ՝ հաստատելով մեր առաքելության բացարձակ հաջողությունը, որը հնարավոր դարձավ հակաահաբեկչական համայնքի՝ մեր հիմնական դաշնակիցների ու գործընկերների քրտնաջան աշխատանքի շնորհիվ», - հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահը:

Եգիպտացի վիրաբույժ, 71-ամյա Այման ալ-Զավահիրին, որի գլխի համար Միացյալ Նահանգները 25 միլիոն դոլար էր խոստացվել, «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդն էր Բին Լադենից հետո: Նա երկար տարիներ կարևոր ռազմավարական և ղեկավար դիրք ուներ խմբավորումում։ Հենց Զավահիրին է օգնել համակարգել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, որի հետևանով Նյու Յորքում մոտ 3 հազար մարդ զոհվեց։

Բայդենը նաև հայտարարել է, որ Զավահիրին նախաձեռնել կամ առանցքային դեր է ունեցել 2000 թվականին ամերիկյան նավատորմի վրա իրականացված հարձակումների կազմակերպման գործում, որոնց հետևանքով 17 նավաստի էր զոհվել։ Նա նաև կանգնած է եղել 1998-ին աֆրիկյան երկրներում ԱՄՆ-ի երկու դեսպանատների ռմբակոծությունների հետևում, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և հազարավորները վիրավորվել։

«Որքան էլ տևի, որտեղ էլ թաքնվեք, եթե վտանգ եք ներկայացնում մեր ժողովրդի համար, Միացյալ Նահանգները ձեզ կգտնի և կոչնչացնի», - ասել է Բայդենը։

Թալիբանի խոսնակը հաստատել է Զավահիրիի սպանությունը, այն համարել «միջազգային սկզբունքների խախտում» և հայտարարել, թե՝ «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը խստորեն դատապարտում է հարձակումը՝ անկախ դրդապատճառից»։

Այս վերջին գործողությունը Աֆղանստանում ԱՄՆ-ի իրականացրած՝ հանրությանը հայտնի առաջին հարվածն է 2021-ի օգոստոսից հետո, երբ ամերիկյան զորքերն ու դիվանագետները լքեցին երկիրը:

Այն, ըստ վերլուծաբանների, ամրապնդում է Վաշինգտոնի հավաստիացումները, թե Միացյալ Նահանգները առանց տեղում ռազմական ներկայության դեռ կարող է լուծել Աֆղանստանից եկող սպառնալիքները: Երկար ժամանակ համարվում էր, որ «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդը թաքնվում է Աֆղանստանի և Պակիստանի սահմանային դժվարամատչելի լեռնային վայրերում, և այժմ Զավահիրիի ներկայությունը Քաբուլում հարցեր է առաջացնում, թե արդյո՞ք նա ապաստան էր ստացել Աֆղանստանում՝ անցած տարի թալիբների իշխանության գալուց հետո։

Ամերիկացի մի պաշտոնյա ասել է, որ թալիբների բարձրաստիճան ղեկավարությունը տեղյակ էր Զավահիրիի՝ Քաբուլում գտնվելու մասին, և Վաշինգտոնն ակնկալում է, որ թալիբները կպահպանեն համաձայնությունը՝ թույլ չտալով «Ալ-Ղաիդա»-ի զինյալներին կրկին հաստատվել երկրում:

Թալիբների իշխանությունը Քաբուլում՝ Զավահիրիի սպանության վայրում ուժեղացրել է անվտանգությունը, տեղում նկատվել են զինված թալիբներ։

XS
SM
MD
LG