Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների ենթարկված օտարերկրացիների նոր ցանկը, որում ընդգրկվել են 39 բրիտանացիներ:
Մոսկվան սանկցիաներ է սահմանել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, Լորդերի պալատի անդամ Ջորջ Ռոբերտսոնի և մի շարք քաղաքական այլ գործիչների նկատմամբ:
Պատժամիջոցների են ենթարկվել նաև մամուլի գործիչները՝ BBC, ITV, The Times, The Guardian, The Sun, The Economist, Daily Telegraph և բրիտանական այլ ԶԼՄ-ների 11 աշխատակիցներ:
Ռուսական կողմը պնդում է, որ սանկցիաների ենթարկված քաղաքական գործիչները և լրագրողները «նպաստել են ռուսատյացության և Ռուսաստանի մասին ոչ արժանահավատ տեղեկությունների տարածմանը»:
Մոսկվան նշում է, որ դա «Բրիտանիայի նկատմամբ պատժամիջոցների վերջին փաթեթը չէ»: Ընդհանուր առմամբ Ռուսաստանը սանկցիաներ է սահմանել 255 բրիտանացիների նկատմամբ:
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվածներին արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք:
Բրիտանիան, իր կողմից, Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ, պատժամիջոցներ է սահմանել 1330 ռուսաստանցիների և 158 ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ: