Եվրամիության երկրներում սղաճը հուլիսին հասել է 8.9 տոկոսի: Դա ամենաբարձր ցուցանիշն է 1999 թվականին եվրոյի գոտին սահմանելուց հետո:
Սղաճի հիմնական պատճառն են վառելիքի և պարենի գների աճը: Այդ մասին հաղորդել է Eurostat վիճակագրական վարչությունը:
Առավել բարդ կացություն է առաջացել Իսպանիայում, որտեղ հունիսին գրանցված 10.2 տոկոսի սղաճը հուլիսին հասել է 10.8 տոկոսի: Ըստ Իսպանիայի ազգային վիճակագրական վարչության, դա երկրում ամենաբարձր թիվն է 1984 թվականից ի վեր: Աճել են պարենի, ոչ ալկոհոլային խմիչքների գները և էլեկտրականության սակագինը:
Ֆրանսիայում սղաճը ավելացել է 6.1 տոկոսով, ինչն այդ երկրի պարագայում ամենաբարձր թիվն է 1985 թվականից հետո:
2021 թվականի տարեվերջից էներգակիրների գները գրեթե ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, աճել են, ինչը պայմանավորված է նախ ռուս-ուկրաինական հարաբերությունների վատթարացմամբ, ապա սկսված պատերազմով և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներով: