Մատչելիության հղումներ

Հասանովը հրամանատարների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանին


Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նախագահությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, «խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները»:

Հասանովը բարձրաստիճան զինծառայողների հետ քննարկել է «իրավիճակը Ղարաբաղի տնտեսական գոտում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, և հրամայել է պատրաստ լինել ցանկացած պահին անմիջապես վճռական միջոցներով կանխել թշնամու կողմից սադրանքների փորձերը»:

Խորհրդակցության մասնակիցներին հայտնել են, որ վեց ամիս տևած մարտական պատրաստության փուլից հետո բանակում ստուգումներ կանցկացվեն:

Զաքիր Հասանովը հրամանատարներին հանձնարարել է «նոր ուսումնական շրջանում ուշադրություն դարձնել զինծառայողների պրոֆեսիոնալիզմին և զորքերի մարտական պատրաստվածությանը, ավելացնել դաշտային վարժանքների ինտենսիվությունը և բարձր պահել ստորաբաժանումների մարտական մակարդակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG