Մատչելիության հղումներ

«Սա այն կամուրջը կլինի, որը կբերի ավելի բարդ ներկայացում ունենալու». «Ռոմեո և Ջուլիետ» բալետի պրեմիերան՝ Երևանում


Օգոստոսի 1-ին, 2-ին և 3-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի պրեմիերան, որը բեմադրել է ռուս անվանի պարուսույց, բալետմաստեր Օլեգ Վինոգրադովը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օլեգ Վինոգրադովը հայտնեց, որ նույն բալետը այստեղ՝ Երևանում նա առաջին անգամ բեմադրել է 50 տարի առաջ։ Հիմա, ասաց, իհարկե ուրիշ ժամանակներ են, ամեն ինչ փոխվել է. Երևանը գեղեցիկ եվրոպական քաղաք է դարձել, որտեղ հաճույք է պատճառում յուրաքանչյուր անկյուն՝ հատկապես Հյուսիսային պողոտան, իսկ մարդիկ մնացել են են նույնքան ջերմ ու սիրալիր, նույնքան հյուրասեր ու բարի, որքան 50 տարի առաջ և դա ապշեցնում է իրեն, քանի որ ինքը աշխատել է ամերիկյան ու եվրոպական տասնյակ քաղաքներում, բայց որևէ տեղ նման բան չի տեսել։

Իսկ աշխատանքը այստեղ օպերային թատրոնում մեծագույն հաճույք է իրեն պատճառում, որովհետև, ասաց, այս թատրոնում բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալներ են աշխատում, և այդ է պատճառը, որ կարճ այս ժամանակահատվածում հնարավոր դարձավ իրականացնել բալետային այս հրաշալի բեմադրությունը։

«Մենք շատ կարևորում ենք, որ լեգենդար բալետմաստերը մեզ հետ աշխատի, որովհետև ցանկացած վարպետի աշխատանք թատերախմբի հետ նոր աստիճան է և մեկ անգամ ես ասացի, որ այս ներկայացումներն իրենք տրամպլին են լինելու, ճանապարհ են բացում այն ներկայացմանը, որ թատրոնը երազում է ունենալ մի օր: Դա «Կարապի լիճն» է: Այս ներկայացումն այն կամուրջը կլինի, որը կբերի անշուշտ ավելի բարդ ներկայացում ունենալու», - ասաց Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, բեմադրության երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Դուրգարյանը հավելեց նաև, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը խաղացանկային հստակ քաղաքականություն է վարում, որի արդյունքում գուցե արդեն իսկ հաջորդ տարի կբեմադրեն հանրահայտ «Կարապի լիճ» տեխնիկական առումով չափազանց բարդ բալետը։

«Թատերախումբը պետք է պատրաստ լինի այդ ներկայացմանը և մենք պետք է գանք, հասնենք դրան: Ավելի լավ է ուշ լինի, բայց նուշ լինի, որովհետև 23 թիվը մենք ունենք արդեն պատվերներ Եվրոպայի հետ ու ժամանակացույց: Այնպես պետք է անենք, որ կարողանանք հասցնել այն քաղաքականությունը ներկայացումների՝ թատրոնն ուր է գնալու և ինչ ներկայացումներով է գնում, դա արդեն ընթացքի մեջ է: Ի զարմանս ինձ, եվրոպական պատվերները, որ մենք ունենք, ուզում են տեսնել դասական բալետը: Դա ինձ համար շատ կարևոր է, և մենք խնդրել ենք Օլեգ Վինոգրադովին, որպեսզի այն դասական պատվերները, այն բալետները, որ մենք ունենք, ինքը մի քիչ մաքրի, փաթեթավորի, որովհետև տեխնիկայի հետ կապված հարցեր ունենք: Տեխնիկան ես նկատի ունեմ պարողների տեխնիկան, որը պետք է բարձրացնենք: Կոպիտ ասած՝ մենք պետք է ունենանք բարձր բալետային աստիճան, պրոֆեսիոնալ աստիճան, որովհետև այսօր մի տեղ գնալ ցույց տալ հեշտ է, բայց երկրորդ անգամ հրավեր ստանալն է դժվար: Արդեն պետք է որակական աստիճանը բարձրացնենք», - նշեց Օպերայի և բալետի թատրոնի տնօրենը:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ՝ այսօր թատրոնի ձեռքբերումներն ակնհայտ են և հեռանկարում հստակ գծագրվում են նաև թատրոնի առաջիկա հաջողությունները։

«Դժգոհություն ունենք առհասարակ խաղացանկային քաղաքականության հանդեպ բազմաթիվ թատրոնների, որովհետև շատ ժամանակ խաղացանկը, գործը ընտրվում է պարզապես ռեժիսորական մի հղացման, ռեժիսորական մի քմահաճույքի, առանց խորքային վերլուծության, դրա կենսունակության գրավականները ճշտելու: Շատ կարևոր է, որ Օպերայի և բալետի ազգային թատրոնում խաղացանկը խարսխված է ամուր տրամաբանության վրա: Ոչ մի գործ չի բեմադրվում զուտ ռեժիսորական քմահաճույքի կամ զուտ երևակայության հիմքի վրա: Այսինքն յուրաքանչյուր գործով նվաճվում է պրոֆեսիոնալ կատարելագործման մի աստիճան, արդեն նշվեց՝ նպատակակետը որն է, և պետք է թատերախումբը հասցնել այդ պատրաստվածության», - ասաց փոխնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG