Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 27-ին ասել է, որ առաջիկա օրերին մտադիր է զրուցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Դա կլինի երկու գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին զրույցն Ուկրաինա փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո:
Էնթոնի Բլինքենը նշել է, որ Ուկրաինայի պատերազմի թեման չի քննարկվի:
«Ուկրաինայի վերաբերյալ բոլոր տեսակի բանակցությունների մասին որոշումները պետք է ընդունեն այդ երկրի կառավարությունը և ժողովուրդը: Մենք միշտ ընդգծել ենք, որ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի ոչինչ չի քննարկվի», - ասել է Բլինքենը:
Պետքարտուղարը հայտնել է, որ Լավրովի հետ քննարկելու է Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ Ուկրաինայի նավահանգիստներից ցորենի արտահանման գործարքն, ինչպես նաև կալանավորված ռուսների և ամերիկացիների փոխանակման հնարավորությունը: