Մատչելիության հղումներ

«Օթելլոն»՝ համաշխարհային օպերային աստղեր Արսեն Սողոմոնյանի, Լիաննա Ալեքսանյանի, Վլադիսլավ Սուլիմսկու կատարմամբ


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Էդվարդ Թոփչյանը, արխիվ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Էդվարդ Թոփչյանը, արխիվ

Վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում համերգային կատարմամբ կհնչի Ջուզեպպե Վերդիի լավագույն օպերաներից մեկը՝ «Օթելլոն»՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և մենակատարների կատարմամբ՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ ի ամփոփումն նվագախմբի այս համերգաշրջանի։

«Օթելլոն» անմահ մի ստեղծագործություն է, մենք իտալացի երաժիշտ ունենք, ես էն օրն իրեն ասում էի՝ «այս օպերան ձեր բազմաճյուղ, անվերջանալի արվեստի ամենամեծ գագաթներից մեկն է», ասում է՝ «միանշանակ», - այսօր համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Էդվարդ Թոփչյանը:

Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ «Օթելլոն» հնչել է 2018-2019 թվականի համերգաշրջանի փակմանը մենակատարների այլ կազմով։ Այս անգամ հայ երաժշտասերները վաղը բացառիկ հնարավորություն ունեն այն ունկնդրել համաշխարհային օպերային աստղերի՝ Արսեն Սողոմոնյանի, Լիաննա Ալեքսանյանի, Վլադիսլավ Սուլիմսկու կատարմամբ։ Էդվարդ Թոփչյանի գնահատմամբ՝ աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող Արսեն Սողոմոնյանը «վստահաբար աշխարհի լավագույն Օթելլոն է, որ ամենամեծ թատրոնները, որ կատարում են, իրեն են հրավիրում»:

Օթելլոյի դերերգով Արսեն Սողոմոնյանը աշխարհի լավագույն օպերային թատրոններում հանդես է եկել 25 անգամ, իսկ նվագախմբի հետ նա այս դերերգով հանդես եկել նաև 2018 թվականին՝ այլ մենակատարների հետ։

«Ինձ շատ ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանում անգիր գիտեն «Օթելլոն», և՛ Շեքսպիրի ստեղծագործությունը, և՛ Վերդիի: Դա շատ լավ, հաճելի երևույթ է: Իհարկե, սա բարդագույն ներկայացումներից մեկն է երաժշտական առումով, երգեցողական առումով, կերպարային առումով, բայց ծայրաստիճան գեղեցիկ, վստահ եմ, որ մեր հանդիսատեսը մեծ բավականություն պետք է ստանա», - ասաց նա:

Ռուս անվանի բարիտոն, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Վլադիսլավ Սուլիմսկին չէր հիշում, թե արդեն որերորդ անգամ է հանդես գալու Յագոյի դերերգով։ Ընդգծում էր, որ ինքն առհասարակ բարի մարդ է, բայց այդ դերերգն է իրեն հնարավորություն տվել խորապես ըմբռնել «բարու և չարի» հասկացողությունները և հավերժական պայքարը բոլոր ժամանակներում, որը հանճարեղորեն ներկայացրել են մեծն Շեքսպիրը, հետո էլ երաժշտական լեզվամտածողության իր խորաթափանցությամբ անմահ օպերաների մեծագույն հեղինակ Ջուզեպպե Վերդին՝ մեզանից մի քանի հարյուրամյակ առաջ։

Դեզդեմոնայի դերում հանդես եկող Լիաննա Ալեքսանյանը այսօր լավագույն սոպրանոներից մեկն է և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մեծ բարեկամը։ Նրանց համագործակցությունը Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ հրաշալի արդյունքներ է տվել համերգային ամենատարբեր ծրագրերում։

«Դեզդեմոնան ուժեղ կերպար է, ես չեմ հասկանում՝ ինչի են շատ ժամանակ շատ խեղճ նկարագրում Դեզդեմոնային: Վերդին շատ գեղեցիկ է փոխանցել երաժշտությունը, հատկապես առաջին դուետը շատ գեղեցիկ պատմում է իրենց սիրո մասին, ինչն է իրենց ընդհանրապես բերել դեպի սերը», - նշեց Ալեքսանյանը:

Հավելենք, որ տարիներ առաջ Էդվարդ Թոփչյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ հայ իրականության մեջ առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսեց հանդես գալ նաև հմաշխարհային լավագույն օպերաների համերգային կատարմամբ, ինչը հրաշալի ընդունելության արժանացավ հանրության կողմից։ Էդվարդ Թոփչյանն այս առումով շատ մեծ նշանակություն է տալիս իր ղեկավարած Ֆիլհարմոնիկ նվագախմբի և մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախմբի արդեն իսկ լուրջ արդյունքներ գրանցած համագործակցությանը, որի լավագույն ապացույցն են բազմաթիվ օպերաների համերգային կատարումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG