Մատչելիության հղումներ

«Հայրն ինքն է ոստիկանություն զանգել, թե` եկեք, տարեք ինձ, սպանել եմ որդուս». Գայ գյուղում քննարկում են կատարված ողբերգությունը


Արմավիրի մարզի Գայ գյուղի բոլոր անկյուններում քննարկում են այն ինչ, կիրակի օրը տեղի ունեցավ` «հայրն ինքն է ոստիկանություն զանգել թե` եկեք, տարեք ինձ, սպանել եմ որդուս»: 65-ամյա Լևոն Մանուկյանը դանակով որդու պարանոցին մահացու հարված է հասցրել:

Սպանվածը՝ 30-ամյա Գաբրիելը, հոգեկան առողջության խնդիր ուներ՝ շիզոաֆեկտիվ փսիխոզ, ըստ բժշկական փաստաթղթերի՝ ժառանգական, մայրն էլ շիզոֆրենիայով է տառապում: Մանուկյանների տան անդամները, ձերբակալված Լևոն Մանուկյանի ընկերները պատմում են՝ երեկ տղան դուռը փակել ու դանակով սպառնացել է ընտանիքի անդամներին, մայրը հասցրել է փախչել, նրան հետո գերեզմանոցի տարածքում են գտել, հոր հետ վեճը ողբերգական ավարտ է ունեցել: Պատմում են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող որդին պարբերաբար է բռնության դիմել:

«Ձորում կերել, խմել ենք, եկել ենք տուն, դանակով հարձակվել է, եկել իմ տան վրա», - ասում է Գայ համայնքի բնակիչ Զարզանդ Խուդոյանը:

Մեկ այլ բնակչի` Մաթևոս Պետրոսյանի խոսքով էլ. «Հորը քանի անգամ ծեծել է, որ հիվանդությունը գլուխ է բարձրացրել, նորից ջարդուփշուր է արել տունը»:

Տղան պարբերաբար բուժում է ստացել հոգեբուժական կենտրոններում, ըստ համագյուղացիների՝ շուրջ 20 օր առաջ է Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնից տուն վերադարձել՝ նույնքան ագրեսիվ:

«Թե հասարակությանը, թե գյուղացիներին, թե իր ընտանիքի հանդեպ ինքը որ վախտ ոչ ադեկվատ էր լինում, սկսում էր նեղություններ պատճառելը: Շատ մարդիկ` գյուղացիները ձեն չէին հանում իր պապայի խաթեր», - ասաց համայնքի ներկայացուցիչներից Նարեկ Փանոսյանը:

Հոր բոլոր ջանքերը որդուն հոգեբուժարանում պահելու, ըստ ազգականների, ապարդյուն են եղել, ասում են՝ անպատասխան են մնացել նաև ոստիկանության, շտապօգնության կանչերը:

«Շուտ դուրս գրեցին իրեն հիվանդանոցից էս վերջին անգամ, մի քանի օր հետո էլի նույն վիճակն էր մոտը: Զանգինք ոստիկանություն, շտապօգնություն, եկեք, տարեք, սպասինք, չեկան»: «Դե չեն պահում այնտեղ, 10-13 օր է, պահում են, թողնում, գալիս են: Քանի անգամ Լյովան դիմել է միլիցիա էլ, գյուղապետարան էլ, որ արեք, տեր կանգնեք, ոչ մեկն էլ չեն արել», պատմում են տեղացիները:

Սեփական որդուն սպանելու կասկածանքնով ձերբակալված Լևոն Մանուկյանի տունը հենց գյուղի սուրբ Նշան եկեղեցու դիմաց է, կողքին` կոշիկի նորոգման իր փոքրիկ արհեստանոցը:

Գայ գյուղում ապշած են՝ Լևոն Մանուկյանը մրջյուն էլ չի տրորում, հավատացյալ է, եկեղեցուն ինչով կարողանում, օգնում է, ամեն կիրակի խորան բարձրանում. «Ինքնապաշտպանություն, միանշանակ ինքնապաշտպանություն, որովհետև դրանից բացի ուրիշ բան ես` որպես գյուղացի մարդ, իրենց էլ ճանաչելով ուրիշ բան չեմ կարա մտածեմ»:

Գյուղում կարեկցանքով են խոսում, թե սպանված հիվանդ երիտասարդի ու թե նրա հոր մասին, վերջինս երկրորդ կարգի հաշմանդամ է ու խնամքին պսիխոզով որդին էր, շիզոֆրենիայով կինը և տարեց մայրը։

Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ Արմինե Պողոսյանն ասում է՝ եթե երիտասարդ տղան համարժեք բուժում ստանար, ընդուներ այն դեղորայքը, որ պետք է ընդուներ, ազգականներն ասում են, որ որևէ դեղ կանոնավոր չի էլ խմել, այս ողբերգությունը կարող էր չլինել. «Միակ դեպքը չի, միակ մարդիկ չեն, էլի կան բնակիչներ, որոնց չգիտես` ինչու տանում եմ հիվանդանոց, 1-2 ամիս բուժումից հետո որոշում են, որ այլևս օգնության, բուժման կարիք չկա, ուղարկում են տուն, սակայն իրենք, ինչպես տեսանք, դա առաջին անգամը չէր կամ մեկ անգամ չէր, ինքը բավականին մեծ վտանգ է ներկայացնում բնակիչների, երիտասարդների, երեխաների համար»:

Առողջապահության նախարարությունից խոստացան, բայց ողջ օրը այդպես էլ տեղեկատվություն չտրամադրեցին, թե ընդհանրապես ինչ կարգով է հոգեկան առողջության պահպանման կենտրոնը որոշում կայացնում հիվանդին պահել, թե դուրս գրել, ինչպես է գնահատվում` հոգեկան խնդրով մարդը հանրության համար վտանգ ներկայացնում է, թե ոչ, ինչպես է սուր վիճակում գտնվող հիվանդը դուրս գրվում բուժհաստատությունից: Ոլորտը կարգավորող առողջապահական գերատեսչությունը անպատասխան է թողնում բոլոր այս հարցերը։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը շեշտում է՝ եթե հանգուցյալ տղան վտանգ էր ներկայացնում հանրության համար, դա պետք է հիմնավորվեր դատական կարգով, ապա հարկադիր բուժում սկսվեր. «Օրենսդրությունը նախատեսում է, որ մարդու կամքին հակառակ կարող է հոսպիտալիզացվի, եթե ինքը վտանգ է ներկայացնում սեփական անձի կամ շրջապատի համար», - նշեց նա:

Մնացած բոլոր դեպքերում հոգեբուժական հաստատությունները չեն կարող հոգեկան խնդրով մարդուն պահել իր կամքին հակառակ, որքան էլ հարազատները պնդեն:

«Առավելագույն ժամկետ հիմա չկա, բայց կա ողջամիտ ժամկետ, այսինքն` եթե մարդը կարիք չունի ստացիորան պայմաններում բուժվելու, ինքն իմաստ չունի` մի օր ավելի մնա», - շեշտեց Արմեն Սողոյանը:

Մանուկյանների տանն ասում են՝ փակուղում էին, չգիտեին էլ` ինչ անեն, ոստիկանությունը չէր գալիս, հոգեբուժարանում չէին պահում: Հենց նույն փողոցի վրա համայնքապետարանն է, որտեղ ոչ մի սոցաշխատող չկա մարդկանց գոնե ուղղորդելու համար:

Այսօր դատարանը քննելու է սեփական որդուն սպանելու մեջ մեղադրվող Լևոն Մանուկյանին կալանավորելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG