Մատչելիության հղումներ

«Ով երբ կարթնանա, քաղաքապետի գործը չէ». Իզաբելլա Աբգարյանը՝ Հրաչյա Սարգսյանի աղմուկ բարձրացրած գրառման մասին


Վաղ առավոտյան արթնացող ու մարզվող Իզաբելլա Աբգարյանը սեփական փորձից գիտի՝ այդ ժամերին քաղաքը դեռ քնած է, ոչ ջուր է հնարավոր գնել, ոչ էլ որևէ վայրում նախաճաշել, բայց շեշտում է՝ ժամը 7-ին զարթնելով Երևանի խնդիրներն իրենք իրենց չեն լուծվի, համակարգային մոտեցում է պետք։

Ավագանու անդամը երկու օր է՝ փորձում է հասկանալ շուտ արթնանալու մասին Երևանի քաղաքապետի աղմուկ բարձրացրած գրառման նպատակը:

«Պետք է հասկանանք՝ յուրաքանչյուր որոշում ինչ նպատակ ունի: Երևանցիներից որևէ մեկը հասկացա՞վ նպատակը, կարծում եմ, որ՝ ոչ», - նշեց Աբգարյանը:

Երևանի քաղաքապետի շաբաթօրյա ֆեյսբուքյան գրառումն այժմ սոցցանցային քննարկումների գլխավոր թեման է։ Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ առավոտյան 7-ից հնչելու են Երևանի հիմնի ղողանջները, այն նույն երաժշտությունը, որը ժամը մեկ միանում է հենց քաղաքապետարանի շենքից։

«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի», - գրել էր քաղաքապետը։

Սարգսյանի գրառումը տարածվեց կայծակնային արագությամբ, ոմանք հարցնում էին, թե ինչու պիտի քաղաքային իշխանությունը կարգավորի իրենց քնի ռեժիմը, մյուսներն էլ ծաղրում էին քաղաքապետի նախաձեռնությունը։ Հումորներն ու մեմերը հավանել էր նաև անձամբ քաղաքապետը ու այսօր ավագանու նիստը հենց դրանցով սկսեց:

«Հումորները շատ լավ էին, ճիշտն ասած, լավ հումորներ կային, նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել՝ «ի՞նչ կարծիք ունեք», - ասաց Սարգսյանը:

Քաղաքապետն այսօր պնդեց՝ զանգերն ավելի վաղ էին սկսել ղողանջել. - «Էդ համակարգն արդեն իմ հայտարարությունից առաջ 25 օր է աշխատում էր, և վստահ եմ՝ իմ հայտարարությունից հետո մարդիկ նույն ձև արթնացել են ու իրենց կյանքում այդքան շատ բան չի փոխվել: Ես կարծում եմ, որ դա քաղաքային մի լավ կոլորիտ է»:

Մոտ 2 տարի առաջ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբացկությունը լքած Իզաբելլա Աբգարյանն ընդգծում է՝ թե ով երբ կարթնանա, սուրճ կխմի կամ մուլտֆիլմ կնայի, քաղաքապետի գործը չէ, քաղաքային իշխանությունների գործառույթը համակարգումն ու կարգավորումն է, որ երևանցիների կյանքը առավել հարմարավետ դառնա։

«Օրինակ՝ որպեսզի առաքման մեքենաները մինչև ժամը 8-ը անեն մատակարարումը խանութների, սրճարանների, ռեստորանների, որ ժամը 9-ն չհայտնվեն ու խցանում ստեղծեն: կոնկրետ ժամեր դրեք, որոնք դուրս են այն ժամերից, երբ քաղաքում մարդիկ գնում են աշխատանքի կամ վերադառնում են: Դա կլինի քաղաքային կարգավորում ինչը հենց քաղաքապետի անմիջական գործն է», - ասաց Աբգարյանը:

Աշխատանքային օրը շուտ սկսել հորդորող քաղաքապետի ղեկավարած կառույցն է անգամ ժամը 9-ից աշխատում, ինչպես գրեթե բոլոր պետական հիմնարկները։ Ստացվում է՝ Երևանում գրեթե բոլորի օրը նույն ժամին է սկսվում, սա է պետք կարգավորել, ասում է ավագանու անդամը:

«Պետք է առաջին հերթին պետական հիմնարկներից սկսել, որպեսզի մարդիկ կարողանան, օրինակ, մինչև աշխատանքի գնալը մտնեն թաղապետարանում իրենց վճարումն անեն կամ մտնեն իրենց համար կարևոր այլ մի բան մինչև աշխատանքի գնալն անեն: Բայց ամենագլխավոր նպատակը պետք է լինի ժամերի բաշխումը, ոչ թե բոլորով 7-ին արթնացեք ճամբարի պես: Ոչ, ճիշտ հակառակը՝ եկեք այնպես անենք, որ մի հատվածը արթնանա 7-ի, մեկը՝ 8-ին, մեկը՝ 9-ին, որպեսզի քաղաքն էլ հանգիստ լինի ու խցանումներ չլինեն», - նշեց ավագանու անդամը:

Քաղաքապետի հորդորին երևանցիների արձագանքը հիմնականում նույնն էր՝ իրենց ոչ ոք չի կարող ասել, երբ արթնանան:

Իսկ արդյոք Երևանը ավելի հրատապ այլ խնդիրներ չունի՞. երևանցիները քաղաքապետին հորդորում էին առաջին հերթին գերծանրաբեռնված տրանսպորտի, խցանումների, կանաչ տարածքների, անբարեկարգ փողոցների, անկանոն կառուցապատման հարցերը լուծել, հետո նոր շուտ արթնանալու կոչեր անել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG