Մատչելիության հղումներ

Արագածավան զինված թուրքեր չեն մտել. երեք անչափահաս է փորձել սահմանն անցնել. համայնքապետ


«Արագածավանում զինված թուրքեր են շրջում», «Գյուղի մի քանի հովիվներ իրենց անասուններով հանդերձ պահվում են թուրք սահմանապահների մոտ». երեկ երեկոյից սոցցանցերում այսպիսի աղմկոտ վերնագրերով լուրեր էին պտտվում: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, գյուղում այս վարկածներին նորերն են ավելացնում:

«Մեզ զանգել են, ասել, թե ժողովուրդ է փախել, զանգին, ասին, թե այ քուր, ի՞նչ է եղել ձեր մոտը: Զանգում եմ տեգորս տղուն, թե տենց բան չկա, հովիվ է ինքը», - պատմում է բնակիչներից Դոնարա Մակոյանը, իսկ Հմայակ Ադիլխանյանն էլ հավելում է. «Երեկ ինչ-որ թուրքեր են անցել այս հատվածը` այս սահմանը, թուրքեր են անցել, հետո անասուններն ուշ եկան»:

Արագածավանը Արագածոտնի մարզում է ու 8 կիլոմետրանոց սահման ունի Թուրքիայի հետ, բաժանարարն Ախուրյան գետն է: Հմայակ Ադիլխանյանը բազմաթիվ վարկածներին անուն էլ է ավելացնում՝ հովիվ Աշոտը երեկ սահմանից այն կողմ էր մնացել. «Մենք միջանկյալ տարածքից սահմանապահ գոտու, այդտեղ ինչ-որ թուրքեր էին անցել, նախիրը մնաց այնտեղ, մենք էլ լավ, հոյակապ, Աշոտ անունով անասնապահ ունենք, մնաց էդպես, իրիկվա կողմ գնացի, կնոջս հարցրի, ասաց` անասուններն եկել են»:

Արագածավանի համայնքապետն այսօր արդեն ճշտված տեղեկություններ ուներ, թե ինչ է կատարվել սահմանի այս գյուղում ու սահմանից այն կողմ՝ նախ հայկական գյուղ զինված թուրքեր չեն մտել, պնդում է. «Որևէ զինված միջադեպ, որևէ թուրք, որևէ սահմանախախտ այս կողմ, չգիտեմ, հայ-թուրքական սահման, նման բան չի եղել, ես ձեզ վստահեցնում եմ»:

Արագածոտնի մարզպետարանը դեռ երեկ երեկոյան էր հայտարարություն տարածել, որ Արագածավան թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ: «Նենգ ու ոչ ողջամիտ» էր որակել այս կեղծ ահազանգը: Սահմանին միջադեպ, սակայն, եղել է, և այդ մասին ոչ մի տող չկա մարզպետարանի հայտարարության մեջ: Ըստ համայնքապետի` երեք անչափահաս տղաներ, որ օրավարձով ծիրան են հավաքում սահմանային գոտու այգիներում, երեկ կեսօրին փորձել են սահմանն անցնել, հենց այնպես` հետաքրքրության համար:

«Փորձել են առաջանալ և տեսնել` ինչ կա սահմանից այն կողմ, իրենք փորձել են անցնել սահմանը, այնտեղ հայ-թուրքական սահմանի որոշակի ձևով սահմանազատում կա, և փորձ կատարելուց միանգամից ազդանշան է միացել, և ռուս սահմանապահները միանգամից արձագանքել են, երեխաները վերադարձել են դեպի այգի», - ասաց համայնքի ղեկավար Արթուր Հովսեփյանը:

Հայ-թուրքական սահման են եկել Հայաստանի ազգային անվտանգության, ոստիկանության ներկայացուցիչները: Երեք անչափահասները, որ այդտեղ գործի էին եկել, Արագածավանից էլ չեն, ասել է այգետերը. «Ընդամենն, ասում է, աչքաթող ենք արել, ընդմիջման ժամին մեկը մեկի հետ խոսելով փորձել են առաջանալ դեպի հայ-թուրքական սահմանը»:

Ըստ համայնքապետի՝ գյուղ հասած տեղեկությունները խուճապային են եղել այն պատճառով, որ միջադեպից հետո երբ ազդանշանը միացել է, փակվել են սահմանային բոլոր անցակետերը. «Պանիկան հավանաբար եղել է նրանից, որ ազդանշանը միանալու ժամանակ նաև փակվել են այդ անցակետերը, որպեսզի հասականան` ինչ կատարվում ռուսական կողմի միջնորդությամբ, ու մի քիչ ժամանակ է տևել: Պանիկա է առաջացել, մեկը մեկով հավանաբար իրար մեջ խոսել են, կարող է հովիվներ են, զինված թուրքեր են և այլն»:

Հայ-թուրքական սահմանին Արագածավանի հողերն են՝ ծիրանի այգիներ, արոտավայրեր, մարդիկ հատուկ կարգով, անցաթղթով մտնում, աշխատում, դուրս են գալիս, առավոտյան երկու ժամ ունեն տարածք մուտք գործելու համար, երեկոյան ևս երկու ժամ դուրս գալու համար: Միջադեպը մինչև սահմանային գոտում աշխատողների դուրս գալն է եղել, անցակետերը փակվել են ու մինչև հանգամանքները պարզվեն, մարդիկ սկսել են զանգել տնեցիներին:

Տեղացիներից 9-ամյա Արազի տատիկն էլ է այնտեղ մնացել, թոռներին տեղեկացրել է, որ ուշանում է:
Հայ-թուրքական սահմանին` անցակետերի մոտ նկարահանումներն արգելված են, սահմանն անցնելու փորձ արած անչափահասները այսօր էլ գործի էին, միջադեպի ականատեսների հետ զրուցել հնարավոր չէր:

Իսկ 14-ամյա Արտաշեսը գյուղի ջրանցքում լողում ու վերլուծում էր` այն, ինչ լսել է՝ մի մասը ճիշտ էր, որ մարդիկ սահմանային գոտում են մնացել, մյուս ավելի վտանգավոր մասը՝ սուտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG