Մատչելիության հղումներ

Վարորդական իրավունք ունենալու պահանջի վերաբերյալ մոպեդ վարողները հակասական կարծիքներ ունեն


Վարորդական իրավունք ունենալու պահանջի վերաբերյալ մոպեդ վարողների կարծիքները տարբեր են, բայց շատերն են համաձայն՝ վերահսկողության կարիք կա, անփույթ վարորդները շատ են:

«Այս ոլորտը ևս ունի վերահսկման կարիք, շատ լուրջ վերահսկման կարիք, վարորդներն իրենց հերթին խախտում են շատ լուրջ ձևով ճանապարհային երթևեկության կանոնները», - ասում է քաղաքացիներից մեկը:

Ոստիկանությունն օրերս հայտնեց, որ այսուհետ կհաշվառեն մոպեդները, իսկ դրանցով երթևեկելու համար AM դասի վարորդական իրավունք է պետք։ Փոքր շարժիչով ու առավելագույնը մինչև 50 կմ/ժամ արագություն զարգացնող տրանսպորտային միջոցի ղեկին նստելու համար և տեսական, և գործնական քննություն է պետք հանձնել։ Իրավապահներն ընդգծում են՝ պահանջին չհետևողների նկատմամբ խիստ են լինելու։

Մայրաքաղաքի փողոցներով մի քանի րոպե շրջելը բավարար է` համոզվելու, որ այս տրանպորտային միջոցների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է։ Դրանք շատ քիչ վառելիք կամ հոսանք են ծախսում, խցանված փողոցներով էլ ավելի հեշտ է հասնել մի կետից մյուսը։ Մոպեդներ Երևանում ամենաշատը կիրառում են սնունդ առաքող կազմակերպությունները։

Այս տրանսպորտային միջոցները, սակայն, հիմնականում հաշվառված չեն, այսինքն` չունեն համարանիշներ, և վթարների, պատահարների դեպքում, օրինակ, ապահովագրության հետ կապված խնդիրներ են ծագում։

Մոպեդ ու մոտոցիկլետ վարելու 6 տարվա փորձ ունեցող Ռազմիկ Խաչատրյանը, որը նաև մոտոսիրողների ակումբ ունի, համաձայն է՝ մոպեդները պետք է հաշվառել, որպեսզի կարգազանցներն անպատիժ չմնան, բայցև կարծում է՝ պետք չէ նրանցից վարորդական իրավունք պահանջել, սա կարող է վանել նաև լավ վարորդներին:

«Կարելի է ինչ-որ փոփոխություններ անել, բայց սա այդ տարբերակը չի, մոպեդի համար վարորդական իրավունքի վկայական, գրանցումներ ու մնացած, ավելի շատ արտոնություններ պետք է տան, քանի որ այս տրանսպորտային միջոցը համ քիչ աղտոտում է քաղաքը, համ բեռնաթափում է, շատ-շատ առավելություններ ունի», - կարծում է նա:

24-ամյա մոտոցիկլիստը չի թաքցնում՝ երթևեկության կանոնները կոպտորեն խախտողները շատ են՝ անցնում են կարմիրի տակով, դուրս են գալիս մայթեր և այլն։ Միայն այս տարվա առաջին հինգ ամիսներին մոպեդների մասնակցությամբ 33 պատահար է գրանցվել, 35 մարդ վիրավորվել է, 2021 թվականի ողջ ընթացքում, մինչդեռ, 46 վթար էր եղել։

Վարուժան Դարբինյանի սպասարկման սրահում վերանորոգման կարիք ունեցող մոպեդների ու մոտոցիկլետների պակաս չի լինում։ Ավտոմեխանիկը մոպեդների մասնակցությամբ պատահարների մասին շատ բան գիտի ու շեշտում է՝ վարորդական իրավունք ունենալը խիստ անհրաժեշտ է. «Մինիմում անհրաժեշտ է իմանալ կանոնները երթևեկության, և դրա համար վարորդական իրավունք բոլորը պետք է ստանան` մոպեդ վարելու համար»:

Դարբինյանն ասում է՝ մոպեդների մասնակցությամբ վթարների պատճառը հաճախ փորձի պակասն է կամ անփութությունը, բայցև ավտոմեքենաների վարորդներն էլ պետք է շատ զգոն լինեն, նրանք էլ երբեմն մեղավոր լինում. «Քանի որ մոպեդը երկակնանի տեխնիկա է, մեքենայի նման կայուն չի, իրեն վարելու համար ավելի շատ ունակություններ են պետք վարորդի կողմից, օրինակ, չնայած մեր կլիման չոր է, բայց եթե անձրև է լինում, շատերը չեն կարողանում կառավարել մոպեդը և ուղղակի կարող է շուռ գան, երկրորդը` փորձի պակասը թրաֆիկի մեջ քշելու, քանի որ լինում են մարդիկ, որ ուղղակի գնում են մոպեդ ու հենց փողոցում սովորում են քշել: Ես կարծում եմ, որ դա պետք է անել համապատասխան վայրերում, կան Հայաստանում այսօր մոտոդպրոցներ»:

Ինչպիսի՞ն է միջազգային փորձը

Արևմտյան բազմաթիվ երկրներում այս տրանսպորտային միջոցները ոչ միայն հաշվառված են, այլև օրենքի պահանջով ապահովագրություն ունեն։ Որոշ պետություններում նաև երթևեկության սահմանափակումներ կան, օրինակ` մոպեդով մայրուղիներ դուրս գալ չի կարելի:

«Տարբեր երկրներում դրանց համար նախատեսված երթուղիներ կան, այսինքն` ինֆրաստրուկտուրայում հստակ բաժանում կա այլ տրանսպորտային միջոցների ու ավելի թեթև տրանսպորտային միջոցների միջև», - ասում է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Դավիթ Պեդանյանը, հավելելով` եթե անհրաժեշտ է բեռնաթափել, թեթևացնել Երևանի երթևեկությունը, ճիշտ կլիներ չբարդացնել մոպեդ վարելու գործընթացը, բայց հաշվի առնելով, որ այստեղ խախտում անողները շատ են, համապատասխան ենթակառուցվածքներ էլ չկան, ուստի վարորդական իրավունքի պահանջը կարող է արդյունավետ լինել:

«Գրագիտությունն այդ տեսանկյունից ընդհանրապես շատ սահմանափակ է, վարորդական վկայականը որպես նաև կրթական միջոց մտցնելը կարող է արդյունավետ էլ լինի, այսինքն` երբ դուք վարորդական վկայական եք ստանում, ավտոմատ ծանոթանում եք բոլոր հարակից օրենքներին, պահանջներին և այլն», - նշում է նա:

Բոլորն են համաձայն՝ մոպեդ վարողների գիտելիքների ու պատասխանատվության մակարդակը պետք է բարձրանա, այլապես վթարների քանակը էլ ավելի կմեծանա։

Եթե ոստիկանությունն այժմ փորձում է կարգավորել մոպեդների երթևեկությունը, առայժմ կարգավորումներ չկան վերջերս կրկին մեծ տարածում ստացած ինքնագնացների՝ սամակատների համար։ Վերջերս շատացել են նաև դեպքերը, երբ դրանց պատճառով մարդիկ մարմնական վնասվածքներ են ստանում։ Օրերս այս հարցը քննարկվել է ոստիկանությունում, բայց կոնկրետ լուծումների մասին առայժմ չի հայտարարվել։

XS
SM
MD
LG