Մատչելիության հղումներ

Ո՞ւր են Ավանում գտնվող շենքի հայտնի խճանկարները


Ավան վարչական շրջանում գտնվող ու արդեն 60 տարի մայրաքաղաք մտնողներին դիմավորող շենքն այսօր արդեն առանց իր հայտնի խճանկարների է։ Երկու կողմերի խճանկարները քանդվել են։

Համացանցում ու մամուլում զայրույթի ալիք բարձրացրած այս թեման, ըստ շենքի սեփականատիրոջ, անտեղի է։ «Տոտեմ բիզնես կենտրոնի» տնօրեն Արմեն Քոչարյանն «Ազատությանն» ասաց՝ կվերականգնվեն շենքի խճանկարները, պարզապես հիմա այն հիմնանորոգվում է։

«Զարդանախշերը արտաքինից գուցե հեռվից գեղեցիկ է նայվում, բայց այդ պանելներն անմխիթար վիճակում էին, քարերը թափում էին, շենքը վերևից արդեն քանդվում էր, շենքը նոր սեյսմիկ նորմերի բերելու համար իրանք այդ արտաքին մասը մոնոլիտ կառույցներ պիտի լինի, պետք ա ամբողջությամբ հանենք ու վերականգնենք նույնը: Պանելները քանդվում էին, վերևից արդեն ամբողջությամբ քայքայվում էր, այսինքն պահելն էլ արդեն հնարավոր չէր», - ասաց Քոչարյանը:

Հարցին՝ քարերը պահպանվե՞լ են նույնությամբ, կարո՞ղ են վերջում նույն խճանկարը ստանալ, շենքի սեփականատերը պատասխանեց. - «Մեր հայկական տուֆն ա, 7 երագ ա, եթե չեմ սխալվում, մենք էդ հաշված ունենք»:

Կառավարությունը դեռ 2003 թվականին է «Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտը» վաճառել մասնավոր մի գնորդի, որն էլ իր հերթին ՓԲԸ-ն բաժանել է մի քանի մասի։ Դրանցից մեկը՝ «Տոտեմ բիզնես կենտրոնը», 2020-ին գնել է ծրագրային ծառայություններով զբաղվող Volo ընկերությունը, կենտրոնի կազմում ներառված է շենքն ու հարակից մի քանի հազար քմ հողակտորը։

12 հարկանի այս շենքը անվտանգ ու սեյսմակայուն դարձնելու համար հիմնանորոգում էր պետք, ասում է կենտրոնի տնօրեն Քոչարյանը։ Մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը չի բացառում, որ շենքը հիմնանորոգման խնդիր է ունեցել, բայց շինհրապարակում փակցված նախագիծը տեսնելով, ասաց, եթե այսպես պետք է վերականգնեն խճանկարը, ապա լրիվ այլ պատկեր կստացվի՝ նախկինի հետ որևէ կապ չունեցող:

«Պահպանման դեպքում նաև կարևոր է, թե ինչ ճարտարապետության մեջ է պահպանվում, որովհետև այն մասշտաբների մեջ, որով նախագծված էր, որով իրականացված էր, ընկալելի էր, բայց նոր նախագծի մեջ, իմ մասնագիտական տեսանկյունից, այնքան էլ համահունչ չէր: Այսինքն՝ ոնց որ օտար էլեմենտ լիներ էդ խճանկարն այդ ճարտարապետության մեջ: Կառուցապատողը փող է ծախսում, համաձայնեցրել է նախագիծը համապատասխան մարմինների հետ և չի հասկանում՝ եթե համապատասխան մարմինները, որոնք ունեն մասնագետներ դրական են վերաբերվել, ինչո՞ւ է հանրությունը դժգոհում: Այստեղ խնդիրը այն մարմնի մեջ է, որը հաստատել է այդ նախագիծը: Քաղաքապետարանը, կարծում եմ, հիմա էլ ունի մասնագիտական խորհուրդ, որտեղ պետք է քննվեր նախագիծը ու միայն դրանից հետո ներկայացվեր հստատման», - ասաց ճարտարապետը:

Շենքի կառուցվածքը թեթևացել է ավելի քան 1000 տոննայով, մեկ հարկ ավելանալու է։ Մոտ 3 տարի հետո շահագործման հանձնվող բիզնես կենտրոնում լինելու են գրասենյակային տարածքներ, խաղասրահ, սրճարան, մանկապարտեզ և այլն:

Շենքը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին՝ պարտադիր պահանջ կա, որ վերակառուցման արդյունքում պետք է վերստեղծվեն շենքի ճակատներում առկա խճանկարները՝ առանց շեղումների, նույնությամբ։ Խ

նդիրը սոցհարթակներում բարձրացնող օգտատերերը հիշեցնում են՝ նույն տրամաբանությամբ էլ վերակառուցվեցին Երևանի կենտրոնում գտնվող «Ալեքսանդր» հյուրանոցն ու ԱԻՆ-ի նախկին շենքը՝ պահպանելով միայն նախկին ֆասադը, բայց կից շինարարության պատճառով երկու շենքերն էլ կուլ գնացին, այսպես ասած, ժամանակակից ճաշակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG