«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի». ահա այս խորագիրն է կրում Սյունիքի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում հուլիսի 23-27-ը կայանալիք չափազանց ուշագրավ երաժշտական փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։
Փառատոնը կանցկացվի «Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության» աջակցությամբ։ Այն կմեկնարկի Շինուհայր գյուղից հուլիսի 23-ին, հաջորդ օրը այն կշարունակվի Քարաջունջ և Խնձորեսկ գյուղերում, հուլիսի 25-ին փառատոնը կշարունակի ընթացքը Տեղ և Աղավնո գյուղերում, հետո Ճարտար և Մարտունի քաղաքներում և կամփոփվի հուլիսի 27-ին Ստեփանակերտում։
Սա մի խիստ յուրօրինակ փառատոն է, քանի որ դրան մասնակցելու են անվանի կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Էդգար Գյանջումյանը, Նարինե Զարիֆյանը, Աշոտ Ղազարյանն ու Էդմոնդ Մակարյանը և ուրիշներ՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ։
Այսօր մեր զրույցի ընթացքում հայ ժամանակակից լավագույն կոմպոզիտորներից Մարտին Վարդազարյանը նշեց՝ Արցախ յուրաքանչյուր այցելություն իր համար հրաշալի բացահայտումների և ստեղծագործական նորանոր ոգեշնչումների անսպառ հնարավորություն է։
«Ես այնտեղ ունեմ շատ լավ բարեկամներ, շատ լավ ընկերներ, շատ լավ արվեստագետներ, շատ լավ արվես գնահատող մարդկանց որպես ունկնդիր ու փորձություն կլինի բոլորիս համար, որովհետև այնտեղ կհնչեն նոր ստեղծագործություններ, նոր երգեր, որոնց մի մասն էլ նվիրված կլինի Արցախին: Ես հույսով եմ, որ սա խթան կհանդիսանա ստեղծագործողների համար, որովհետև այդ հրաշալի բնությունը տեսնելիս և այդ հրաշալի մարդկանց հանդիպելիս արթնանում է ինչ-որ զգացմունք, աշխարհընկալում, որը մինչև այդ գուցե նիրհում էր: Բայց այդ հանդիպումներից հետո, ես սեփական փորձից եմ ասում, ամեն անգամ գնալ-գալուց հետո ինչ-որ բան ինձ մոտ ծնվում էր, և ես համոզված եմ, որ բոլորի մոտ այդ զգացմունքը կլինի», - ասաց Վարդազարյանը:
Ուշագրավ է, որ հայ անվանի կոմպոզիտորներն անձամբ են ներկայացնելու տեղի երաժշտասերներին իրենց ստեղծագործություններն այս փառատոնի ընթացքում, և ինչպես ընդգծում էր Մարտին Վարդազարյանը, դա նույնպես շատ ոգևորիչ է։ Նրանց հետ, իհարկե, համերգների ընթացքում հանդես են գալու նաև մենակատարներ Արման Աբրահամյանը, Լուսինե Կչոզյանը, Մարինա Խանդանյանը և Արմեն Մկրտչյանը։
Այս փառատոնի մասին խոսելով կոմպոզիտոր Նարին Զարիֆյանը շեշտեց. «Եթե ինչ-որ չափով կարող եմ իմ ստեղծագործություններով, իմ կատարումներով մեր սահմանամերձ եղբայրների, քույրերի հոգսը մի քիչ թեթևացնեմ, մեծ սիրով համաձայնեցի: Ամեն ինչ կանեմ, որպեսզի ինչ-որ մի չափով գոհացնեմ իրենց: Պետք է ասել, որ բավականին մեծ քանակությամբ կոմպոզիտորներ են գնում, մոտավորապես երևի մի 15 հոգի կոմպոզիտոր գնում է՝ իր կատարողներով: Բեմում պետք է լինի կոմպոզիտորը և կատարողը: Դա հազվադեպ իրադարձություն է, որովհետև միշտ չի լինում, որ կոմպոզիտորն ինքը կատարում է իր ստողծագործությունը»: