Մատչելիության հղումներ

Մարզերում կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու համար ծրագիր է իրականացվում


Երևանում գործող «Գյոթե» կենտրոնը Գերմանիայի դեսպանատան և Եվրամիության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ տարիներ շարունակ բազմաթիվ ուշագրավ ծրագրեր է իրականացնում, ի թիվս այլ գործառույթների:

Այդ ծրագրերից մեկն էլ նպատակաուղղված է նաև մարզերում կրթական և մշակութային զարգացմանը։ Այս ուշագրավ, քառամյա ծրագրի մասին խոսելով «Գյոթե» կենտրոնի աշխատակից, ծրագրի համակարգող Հասմիկ Մուրադյանը ներկայացրեց. «Գյոթե» կենտրոնը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնում է «Եվրամիությունը մշակույթի համար» քառամյա ծրագիրը, որի թիրախը մարզերն են, մարզային քաղաքները: Դրամաշնորներ են տրամադրվում մարզային քաղաքներին իրենց մշակութային ռազմավարության զարգացման համար: Այս պահին ծրագրի շրջանակում մենք գործարկել ենք ճամփորդական դրամաշնորհների բաց կանչ երկրորդ փուլը: Առաջին փուլը եղել է, և մենք ընտրել ենք 7 մասնակից, որոնք ստացել են հնարավորություն մեկնել Եվրոպա: Մարզային որևէ սահմանափակում չկա, բայց ավելի շատ դիմել էին Երևանից, բնականաբար, որովհետև ինֆորմացիան տարածվում էր Երևանում: Եվ դրա համար մենք ուզում ենք հնարավորինս խրախուսել մարզերին, քանի որ ծրագրի թիրախը մարզերն են, այսինքն` մարզերն ունեն առավելություն, և ցանկալի է, որ մարզից դիմեն, թեև մեկ հոգի Չարենցավանից և Աբովյանից ընտրվել են և մեկնելու են Իտալիա»:

18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս ծրագրի շահառուն դառնալ։ Սահմանափակումներ չկան։ Ծրագրի ընտրությունն էլ մասնակիցը պիտի ներկայացնի։

«Եթե դու ուզում ես գնալ Եվրոպայում վերապատրաստման, ենթադրենք` լրագրողն ուզում է գնա Dolce velle-ում վերապատրաստման, գումար չունի, դիմում է մեզ, եթե նորմալ բյուջե է ներկայացնում, նորմալ մոտիվացիա է ներկայացնում, հիմնավորում է, մենք այդ գումարը տալիս ենք իրեն, երկու շաբաթից մինչև մեկ ամիս տևող ճանապարհորդությունների համար 1500 եվրո, մինչև 5 հազար եվրո մեկ ամսից երեք ամիս տևող ճանապարհորդությունների համար:

Սահմանափակում կա ֆորմալ առումով, որովհետև կոչվում է մշակույթ, այսինքն` ինչքան լայն ծածկույթ մշակույթը ապահովում է, մենք թույլ ենք տալիս», - ասաց Հասմիկ Մուրադյանը:

Նա ցավով ընդգծեց, որ թեև այս ծրագիրը նախատեսված է մարզային բնակիչների համար, մարզերից շատերը չէ, որ դիմում են, այդ իսկ պատճաով եթե նաև դիմում են մայրաքաղաքի բնակիչները, նրանց ևս ընդգրկում են ծրագրում։ Քառամյա ծրագիրը գործում է արդեն երկու տարի, ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար կարելի է դիմել մինչև օգոստոսի 31-ը։

«Մեր նպատակը մարզերում հմտությունների զարգացումն է: Առաջին փուլի զտման ժամանակ լիքը դիմումներ դուրս են մնացել զուտ տեխնիկական չափանիշներին չբավարարելու համար` տեխնիկապես չեն կարողացել ճիշտ լրացնել դիմումը, այսինքն` մարզերի երեխաներին պետք է մեյլ, դիմում գրելու… այսինքն` մենք հիմա ծրագիրը որ մարզերում անում ենք, արդեն Սևան, Իջևան և Չարենցավան համայնքներում է իրականացվում, իրենք են հաղթել, մենք մարդկանց հետ աշխատելիս զգում ենք, թե ինչքան կարիք ունեն: Զուտ մարդկային ռեսուրսները չեն բավարարում:

Մարզերում զարգացում լինի, այսինքն` կադրը վերապատրաստվի, ասենք` Սևանի քաղաքապետարանի ինչ-որ մի սովորական աշխատող վերապատրաստվի, վերադառնա իր քաղաք և շարունակի աշխատել, որ գոնե իմանաս` այդ քաղաքում կա վերապատրաստված, որակյալ կրթություն ստացած անձ: Այս ծրագրի առանձնահատկությունը հենց այն է, որ սա առաջինն է և միակը, որ աշխատում է Երևանից դուրս, իր թիրախը հենց մարզերն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG