Կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ռուսաստանի կառավարության կազմում։ Երկրի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի այսօր կայացած արտահերթ նիստի ընթացքում արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հաստատվել է փոխվարչապետի պաշտոնում՝ պահպանելով նախկինում զբաղեցրած նախարարական պաշտոնը ևս։
Նախօրեին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ փոխվարչապետի-արդյունաբերության նախարարի միասնական պաշտոնի ստեղծումը նպատակ ունի «աննախադեպ պատժամիջոցների պայմաններում ապահովել որոշումների կայացման և դրանց կյանքի կոչման արագությունը»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն իսկ ստորագրել է Մանտուրովի՝ փոխվարչապետի պաշտոնում նշանակման մասին հրամանագիրը։ Պուտինի մեկ այլ հրամանագրով Դմիտրի Ռոգոզինը ազատվել է ռուսաստանյան տիեզերական ոլորտը համակարգող «Ռոսկոսմոս» գործակալության տնօրենի պաշտոնից։
Գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել արդեն նախկին փոխվարչապետ Յուրի Բորիսովը։