Մատչելիության հղումներ

Pussy Riot-ից Աննա Կուզմինիխը պատմել է՝ ինչպես է իր դեմ գործ բացվել Պուտինի խրտվիլակն այրելու պատճառով


Pussy Riot-ի անդամ Աննա Կուզմինիխը և նրա ակցիան
Pussy Riot-ի անդամ Աննա Կուզմինիխը և նրա ակցիան

Pussy Riot խմբի ակտիվիստներից Աննա Կուզմինիխը «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության հարցազրույցում պատմել է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինի խրտվիլակն այրելու պատճառով հայտնվել Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվողների ցանկում։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։

Հետախուզվողների բազայում Կուզմինիխի անունը կա, բայց պատճառը նշված չէ։ Տելեգրամ ալիքներից մեկը գրել էր, որ նա կասկածվում է ռուսական դրոշն անարգելու համար, որը հրկիզվել էր Պուտինի խրտվիլակի հետ միասին։

Վրաստանի տարածքում այդ ակցիան շուտ է տեղի ունեցել՝ մարտի վերջերին։ Հարցազրույցում Աննա Կուզմինիխն ասել է, թե Ռուսաստանի դրոշը պատահաբար է վառվել, ներկաներից ինչ-որ մեկը վերջին պահին դրոշը փաթաթել էր խրտվիլակին, ինքն ուշադիր չի եղել, ու երբ հրդեհել են խրտվիլակը, այրվել է նաև դրոշը։

Նա ասել է, թե ոչ մի դրոշ պլանավորված չի եղել, նույնիսկ չգիտեին, որ դրոշ կա՝ այն հանդիսատեսներից մեկն էր բերել, ակցիայի ժամանակ փաթաթել Պուտինի խրտվիլակին, ինքն ուշադիր չէր, ինքնազգացողությունը վատացել էր, չի հետևել՝ ինչ է կատարվում։ Նախատեսված էր միայն խրտվիլակն այրել, բայց հետո սկսվել է ներկաների իմպրովիզացիան՝ կրակի մեջ թղթադրամներ են նետվել, ռուբլիներ, դրոշներ։

Կուզմինիխի կարծիքով՝ դրոշի այրվելն առիթ է ընտրվել, որ իրեն քրեական հետապնդման ենթարկեն։ Հնարավոր է՝ նրանց դուր չի եկել այդ ակցիայի լայն տարածումը, նրանք չէին ցանկանա, որ միջազգային մամուլում նման պատկերներ տեղ գտնեն, ասել է Pussy Riot-ի անդամը՝ նշելով, թե Տելեգրամ ալիքից է իմացել, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել, չէր հավատում, բայց երբ իրավապահները հարազատների մոտ խուզարկության են գնացել, արդեն համոզվել է, որ քրեական հետապնդման է ենթարկվում։ Ծնողներն Իսրայել են մեկնել, ինքն ապրում է Թբիլիսիում ու հավանաբար երկար ժամանակ Ռուսաստան վերադառնալը հնարավոր չի լինի անվտանգային խնդիրների ու հետապնդումների պատճառով: Կուզմինիխը հիշեցրել է, որ հայրենիքում դեռ մինչ այս էլ երկու անգամ իրեր հետևից 15 օրով կալանավորվել էր իրավապահների պահանջներին չենթարկվելու անհիմն մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG