Մատչելիության հղումներ

Մատենադարանում բացվել է Ժան Պողոսյանի յուրահատուկ ստեղծագործությունների ցուցահանդեսը


Մինչև հոկտեմբերի առաջին տասնօրյակը այսուհետև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այցելուները, շրջելով դարավոր մագաղաթյա ձեռագրերը ներկայացնող ցուցասրահներով, կարող են նաև ծանոթանալ սփյուռքահայ մեր հայրենակից, ժամանակակից աբստրակտ ոճի արվեստագետ Ժան Պողոսյանի կրակի և ածխի ներգործությամբ ստեղծված աշխատանքներին, որոնք ներկայացված են հեղինակի «Երկխոսություն» խորագրով նորաբաց ցուցահանդեսում։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշում է. - «Մենք ժամանակակից արվեստի ցուցադրություններ չենք արել, բայց այսպիսի առաջարկություն ստացանք և որոշեցինք այս անգամ քայլ կատարել։ Մի քիչ իհարկե համարձակ քայլ էր, բայց կարծում ենք, որ լավ արդյունք է տվել։ Կոչվում է «Երկխոսություն», քանի որ ներկայի և անցյալի մի տեսակ երկխոսություն է, և թեմատիկան գիրքն է... Գիրքը որպես մի տեսակ կենդանի օրգանիզմ. այս գաղափարի շուրջ ստեղծվեց ցուցադրությունը։ Որովհետև ցուցանմուշները նույնությամբ ներկայացված են, բայց դրանք մեջ մեջընդմեջ ավելացված են Ժան Պողոսյանի գործերը, որոնք այսօր բավականին բարձր են գնահատվում, ընկալվում են որպես բարձր արվեստ ժամանակակից արվեստագետների կողմից»։

Հալեպում ծնված, Բելգիայում բնակվող, այսօր արդեն 73-ամյա Ժան Պողոսյանը կրակի և ածխի շնորհիվ ստեղծած իր աշխատանքները ներկայացրել է աշխարհի բազմաթիվ ցուցահանդեսներում և թանգարաններում, նաև 2018 թվակինին Հայաստանի Ազգային պատկերասրահում։

Ցուցահանդեսի բացման ժամանակ մեր ճեպազրույցի ընթացքում շեշտում էր, որ իր աշխատանքները Մատենադարանում իրոք երկխոսության մեջ են, որովհետև ինքը, որպես արվեստագետ, գործ ունի ժամանակակից գրքի ու ժամանակակից գրականության հետ։

Արվեստագետը նշում էր, որ ողջ կյանում երազել է Մատենադարանում ներկայացել իր գործերը, և ահա հրաշալի հնարավորություն ստեղծվեց կազմակերպել իր ստեղծագործությունների և հնագույն մագաղաթների երկխոսությունը։ Իր ստեղծագործությունները ծնունդ են առնում կրակից, որովհետև, ասում էր, կրակը հզոր ուժ է և միջոց արվեստի գործեր ստեղծելու համար։ Կրակի բոցը իր համար արվեստի ուժ է, որով լեցուն է իր հոգին, ինչպես և լեցուն է իր հոգին հայրենքիքի ու իր ժողովրդի հանդեպ աննկարագրելի կապվածությամբ ու մեծ սիրով։

Ցուցահանդեսի կազմակերպիչ Կարապետ Բայդարկչյանն ասում էր, որ աշխարհի տարբեր թանգարաններում շատ բարձր են գնահատվում արվեստագետի այս աշխատանքները. - «Արդեն հինգ տարի է, իր համար արել եմ Ազգային պատկերասրահի ցուցահանդեսը, Բեյրութի ցուցահանդեսը 18 թվին, և սա երրորդ ցուցահանդեսն է իր համար՝ 2022-ին Մատենադարանում»։

Խոսելով ներկա ցուցահանդեսի առանձնահատկության մասին՝ Բայդարկչյանն ասաց. - «Երբ Մատենադարան եկանք, իրենց ցուցանմուշները տեսանք, արդեն ինքնաբերաբար մի տեսակ համերաշխություն զգացինք, երկխոսություն զգացինք մեր և իրենց գործերի միջև»։

Ցուցահանդեսի համադրողն է իտալացի աշխարհահռչակ արվեստաբան Բրունո Կորան։ Նա արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, բայց սա առաջին ցուցահանդեսն է իր գործուն մասնակցությամբ։

«Ազատության» հետ զրույցում Կորան շեշտեց, որ Ժան Պողոսյանի արվեստի ուժը կրակի կիրառումն է։ Կրակը նրա ընտրած գեղարվեստական լեզուն է , որով նա ստեղծագործում է կտավի, թղթի, պլաստիկի և այլ նյութերի վրա ՝ գործածելով նաև ջրաներկ, ածուխ, յուղեր և այլ։ Հավելեց, որ ժամանակակից արվեստի այս ստեղծագործությունները բացառիկ են թե' կատարման տեխնիկայով, թե' արվեստի ուժով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG