Աղինի նախկին համայնքապետ Գագիկ Հակոբյանը 5 տարի Եվրոպայում ապրելուց հետո վերադարձել է հայ-թուրքական սահմանին գտնվող հայրենի գյուղ։ Թեև համայնքի խնդիրները ինչպես կային, այդպես էլ մնացել են, Հակոբյանն ասում է՝ երկրից հեռանալը սխալ որոշում էր:
«Թող երբեք չմտածեն, թե դուրսը շատ լավ է, դուրսը շատ լավ է, բայց ամուր լինելու համար քո հողի վրա ես, դու ուրիշ ոչ մի տեղ չես կարա լավ ապրես, երջանիկ չես կարա ապրես, դու կարաս վայելես ինչ-որ պահ, բայց դա չի նշանակում, որ դու ապրեցիր, դու լիարժեք չես ապրում», - նշեց նա:
Տասը տարի համայնքը ղեկավարած Հակոբյանը կարծում է, որ թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունների օրոք սահմանի ու հատկապես Անիի տարածաշրջանի գյուղերը շարունակում են անտեսված մնալ։ Այստեղ չոռոգվող հողերից եկամուտը ցածր է, այդ պատճառով էլ սահմանամերձ գյուղերից արտագաղթը դեռ շարունակվում է: Իսկ ժամանակին գյուղի վարելահողերը Ախուրյանի ջրամբարից էին ոռոգվում, բայց արդեն 30 տարի է՝ աղինցիների ու հարևան մի քանի գյուղերի վարելահողերը դարձել են անջրդի, ինչն էլ կտրուկ նվազեցրել է հողից ստացած եկամուտը: Հակոբյանը համոզված է, որ ոռոգման ջուրը կփոխի սահմանամերձ գյուղերի մարդկանց կենսամակարդակը։
«Եթե էդ ջուրը լինի, գիտեք ինչքան կշենանան էս գյուղերը, միանգամից ժողովրդի ապրելակերպը կփոխվի, իրանց մտածելակերպը, ապրելակերպը, կկապվեն հողին: Մենք հողից մարդկանց վանում ենք, չգիտեմ ինչի համար: Մեր տերն ով է, մեր տերը էս երկրի ղեկավարությունն է, կառավարությունն է, եթե իրանք մեր մասին չեն մտածում, մենք ինչի համար պիտի մտածենք էս երկրի համար: Չէ՞ որ իրանք էլ իրանց ընտանիքներն են ուզում պահեն, օգնեն մեզ, ով մենք էլ կարողանանք ծառայել էս երկրին, մեր պետությանը», - նշեց Հակոբյանը:
Մոտակա Ջրափի գյուղի տարածքում է ոռոգման ջրի կուտակիչ ավազանը, որտեղ Ախուրյանի ջրամաբարից խորհրդային տարիներին պոմպերով ջուր էր մղվում, հետո ինքնահոս եղանակով հասնում սահմանամերձ 4 գյուղերի ցանքատարածություններին: Հիշում են, որ ոռոգելի հողատարածքներից բավականին լավ բերք են ստացել:
«Մենք էլ էն ոնց ենք ջուր ստացել, մենք շատ լավ ջուր ենք ստացել, մենք ճակնդեղ էինք մշակում, կարտոշկա էինք մշակում, առվույտը 3-4 անգամ հնձում էինք, շատ ընտիր էր առաջ: Թե ինչի համար հիմա ուշադրություն չեն դարձնում էս գյուղերին, էդ է զարմանալու», - ընդգծեց նա:
30 տարի է ջրի կուտակիչ ավազանը դատարկ է: Վերանորոգման կարիք ունի: Մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանն ասում է՝ եթե համայնքը դիմի, հնարավորություն կա սուբվենցոն ծրագրով ոռոման ջրի հարցը լուծել:
«Համայնքը և՛ ունի ֆինանսական ռեսուրս ու հնարավորություն պետության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերով իրականություն դարձնի այդ ծրագիրը», - ասաց Համայակյանը:
Աղինի վարչական ղեկավար Արմեն Համբարձումյանն ասաց՝ դիմելու են։ Պնդում է, թե ժամանակին սխալ հաշվարկի պատճառով խնդիրը չի լուծվել, տասնամյակներով ձգձգվել։ Այնինչ, ըստ նրա, ընդամենը 10 մլն դրամով կարելի է նորոգել ջրի ավազանը։
«Հաշվարկները սխալ են կատարել, ծրագիր կազմեցինք, 80-100 միլիոն դրամ գումար հաշվարկեցի, այդ բասեյնի Հայկաձոր նայող հատվածը փոքր ճեղք ունի, մոտ 10 միլիոն դրամի», - ասաց Համբարձումյան:
Պոմպակայանը կա, ասում է: Եթե ջրի կուտակիչ ավազանը վերանորոգվի, մեկ այլ հարցի առաջ էլ են կանգնելու, հոսանքի վարձը ո՞վ է վճարելու. - «Խնդիրը այն է, որ կառավարությունը չի աջակցում, հոսանքի խնդիրն է կոնկրետ, էդ ծախսը չի վերցնում իր վրա, պետության համար էդ ինչ բան է»:
Մոտ 550 բնակիչ ունեցող Աղինը հիմնվել է, երբ Ախուրյանի ջրամբարի կառուցման արդյունքում 90-ականներին այս և մի քանի այլ գյուղեր տեղափոխվել են ջրամբարի տարածքից։ Ընդ որում՝ ավերակների վերածված հին Աղինում դեռ հատուկենտ մարդիկ են ապրում։