Գորիսի դատարանում գործ ունեն Ներքին Խնձորեսկի գրեթե բոլոր տղամարդիկ... նրանք ամբաստանյալներ են։
«Խոտը ես եմ տարել, մեր կովն ա կերել, Երվանդ Մալունցն ըտեղ ի՞նչ գործ ունի», - տարակուսում է Ներքին Խնձորեսկի բնակիչ Ռաֆիկ Գիլանչյանը։
Մալունցը Ներքին Խնձորեսկի համայնքապետն է, նա էլ վկա է։ Նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանն է բոլորին հավաքել դատարանում, որովհետև ինքն էլ տուժող է. - «Ոչ մեկի դեմ ես չեմ բողոքել, ուղղակի ես իմ բերքս, աշխատանքս եմ ուզում...»
Ըստ մեղադրականի, Ներքին Խնձորեսկի տղամարդիկ 2019-ի հունիսի 4-ին բոլորով նախկին գյուղապետի հեկտարների վրա աճած ցորենը, գարին, խոտը հավաքել են, այսինքն՝ զբաղվել են ինքնիրավչությամբ։ Քրեական օրենսգիրք, հոդված 322։
«Ունեցվածքս թալանել են», - գյուղին դատարան բերելը հիմնավորում է Մարտուն Արզանյանը. - «Իմ պահանջս, որ մեր չարչարանքը հետ վերադարձնեն»։
Բայց գյուղն էլ ունի իր փաստարկները։
«Գյուղացու արարքը ես համարում եմ ճիշտ ու տեղին», - ասում է գյուղի վարչական ղեկավար Մալունցը։
Նա պնդում է՝ գյուղացիներն իրենց իրավունքների համար անօգուտ պայքարում են տարիներ ի վեր, նույնիսկ քրեկաան գործ կա, որ տեղից չի շարժվում։ Այն մասին, որ նախկին գյուղապետ Արզանյանը Ներքին Խնձորեսկին պատկանող 470 հեկտարից 230-ը սեփականաշնորհել է կեղծ գաղտնի աճուրդներով։ Հիմա սահմանի այս գյուղում առանց հողի մարդիկ ի՞նչ անեն. - «Գյուղացու զբաղմունքը մնում ա հայրենասիրությունը։ Ուրիշ բան չի մնում։ Եթե Ներքին Խնձորեսկի գյուղացին, երիտասարդը հող չունի մի հեկտար, ապրելու միջոց չունենա, էս սահմանին ապրում ա ինչի՞ համար Հենա սաղս թողենք, էթանք Երևաններում ապրենք, սահմանն էլ թողնեք...»
Տուժող Արզանյանը պնդում է՝ հողերը իր գյուղապետության տարիներին ձեռք է բերել օրինական կարգով. - «Աճուրդին մասնակցել եմ, մնացածն էլ իրանք իրանց բաժնետոմսերը վաճառել են, ես առել եմ։ Որոշ մարդիկ իրենց հողերն էլ են վաճառել, ես առել եմ»։
«Ես հիմա՞ր եմ, որ իմ հողը վաճառեմ... աճուրդ ա արել, մենակ ինքն ա իմացել, իրա ընտանիքի անդամները», - հակադարձում է Գիլանչյանը։
Այդ տարօրինակ աճուրդների մասին, նրա խոսքով, նույնիսկ ԱՊՀ երկրներում են իմացել. - «Բելառուսիայում իրա մոր հորեղբոր թոռը իմացել ա, որ ստեղ աճուրդ կա, բայց մենք գյուղում չենք իմացել»։
Արզանյանն ասում է՝ բայց կա ավագանու անդամների ստորագրությունը։
Ավագանու նախկին անդամ Դավիթ Սիրավյանը մյուս բախտակիցների պես չի հիշում, թե աճուրդի կամ հողերի սեփականաշնորհման հետ կապված որևէ բան ստորագրած լինի. - «Եկալ ա, ասալ՝ սալյարկա էս օզում, ստորագրի, որ օզում ես։ Օզում չես, մեկ էլ ստորագրի, որ չես օզում»։
Ներքինխնձորեսկցի Սիրավյանը այս ամենը՝ դատ ու դիվանով հանդերձ, շատ անարդարացի է համարում։ Գյուղը առանց այդ էլ պատերազմից հետո զրկվել է արոտավայրերից, իրենք հող չունեն այդ անօրինական աճուրդների պատճառով ու դրա դեմ պայքարն իրենց դատարանի դուռն է բերել. - «Էսօր ոչ արոտավայր ունենք, ոչ... թշնամին հենա մեր հայաթներում ա»։
Ի դեպ, Արզանյանի դաշտից հավաքած ցորենը գյուղացիները ալյուր չեն դարձրել, չեն կերել, չեն մարսել, պահեստավորված է։
Գյուղացիները փաստաբան ունեն՝ Էմին Բեգլարյանը։ Գործի իրավական ընթցաքից անկախ՝ նա մի մտահոգություն ունի. սահմանի գյուղը դատի օրը դատարկվում է. - «Գյուղում մարդ չի մնացել, սահմանամերձ գյուղը դատարկվել է այս դատական նիստին մասնակցելու համար»։
Այս պատմությունը քաղաքական նրբություններ էլ ունի։ Մարտուն Արզանյանն ասում է, թե իր որդու ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հարաբերությունները լավ չեն, որովհետև որդին Գորիսի ավագանու ընտրություններին մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Հայրը պնդում է՝ հանրապետական էր գյուղապետության տարիներին, հիմա էլ դիմում չի գրել դուրս գալու համար։ Իսկ գյուղացիները համոզում են՝ արզանյանները ՔՊ-ական են։
Այստեղ գյուղացիների փաստաբանը մի հարց ունի՝ ինչպե՞ս է, որ գյուղացիների ինքնիրավչության՝ ուրիշի բերքը հավաքելու գործը դատարան հասավ, իսկ Արզանյանի դեմ հարուցված աճուրդի կարգի խախտման, յուրացման գործը, որ գրեթե միաժամանակ էր հարուցվել, դեռ նախաքննության փուլում է։ Ի դեպ, հողերի օտարումից բացի, ներքինխնձորեսկցիները նախկին գյուղապետին այլ հարցերում էլ են մեղադրում. - «Ոռոգման ցանցը քանդել ա, տարել, հողերը դարձրել անջրդի, բայց ժողովրդից տասնհինգ տարի ջրի փող պահանջեց»։
Գյուղացիները պնդում են՝ զոհված ազատամարտիկների հրապարակի համար ավելի քան 40 միլիոն դրամ էր հատկացվել, հրապարակը չեն գտնում։ Փոքրիկ գյուղում քննիչի հետ են փնտրել հրապարակը... չկար։
Արզանյանը խոսատեցել է՝ դատարանում կասի թե որտեղ է հրապարակը։ Հաջորդ նիստը օգոստոսի 30-ին է։