Մատչելիության հղումներ

Անուղղակի միջամտություն ՀՀ արտաքին քաղաքականությանը, անհաջող ու ոչ նրբանկատ. գնահատականներ ՌԴ դեսպանատան ու Կանադայի հայտարարություններին


«Անուղղակի միջամտություն» Հայաստանի արտաքին քաղաքականությանը. քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատականն է Ռուսաստանի դեսպանության կոշտ արձագանքին։ Իսկ դրա առիթը Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի նախորդ շաբաթվա մեկնաբանությունն էր։

Ռուսաստանի դեսպանության արձագանքը

Պաշտոնական Օտտավան օրերս տեղեկացրեց չորս երկրներում՝ Էստոնիայից, Լիտվայից, Սլովակիայից բացի, նաև Հայաստանում դեսպանություն բացելու մասին՝ հայտարարելով՝ «դիվանագիտական այս ընդլայնումը կօգնի հասցեական արձագանքել անվտանգության հետզհետե մեծացող սպառնալիքներին, էլ ավելի մեծացնել Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում՝ օգնելով դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին և Հայաստանի ժողովրդավարությանը»։

Կանադայի արտգործնախարարության, ինչպես նաև արտգործնախարար Ժոլիի հայտարարության մեջ հստակ ընդգծվում է, որ ռեսիդենտ դեսպան ուղարկելով Երևան՝ Օտտավան մտադիր է աջակցել Հայաստանի ժողովրդավարացմանը։ Մոսկվան, սակայն, առանձնացնում է մյուս՝ հակառուսական շեշտադրումները։ Ընդ որում, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն այս մասին հաղորդում է՝ հղում անելով լրատվամիջոցներին։

«Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է այդ թվում՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։ Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ, կարծես թե, պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես, թե նման ուղղվածությունն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա»,- երեկ հայտարարեց Երևանում Ռուսաստանի դեսպանությունը՝ շեշտելով նաև, թե այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ հենց «ամբարտավան վերաբերմունքն է» ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում։

Մոսկվան, մեկնաբանի կարծիքով, դյուրագրգիռ է Արևմուտքից եկող ցանկացած մարտահրավերի նկատմամբ

Հակոբ Բադալյանը կարծում է՝ այս արձագանքն արտացոլում է Մոսկվայի քաղաքական ու հոգեբանական այսօրվա վիճակը՝ պատերազմի տեսքով Ուկրաինայում ծավալվող դիմակայություն Արևմուտքի հետ, որը ռուսների համար «ոչ այնքան սահուն» է ընթանում։ Այդ իսկ պատճառով Մոսկվան, մեկնաբանի կարծիքով, այժմ դյուրագրգիռ է Արևմուտքից եկող ցանկացած մարտահրավերի նկատմամբ։

«Իհարկե, այս հանգամանքը չի կարող արդարացնել դիվանագիտական էթիկայի այն նորմերի խախտումը, որ թույլ է տալիս Ռուսաստանի դեսպանատունը` անուղղակի միջամտելով փաստացի Հայաստանի արտաքին քաղաքական հարցերին», - նշեց նա:

Շատ անհաջող հայտարարություններ էին. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ թե՛ Օտտավան, թե՛ Մոսկվան շատ անհաջող հայտարարություններ են արել. կանադական կողմը նրբանկատ չի եղել բառապաշարի ընտրության հարցում, ռուսներն էլ իրենց հատուկ նեոիմպերիալիստական ոճով են պատասխանել։

«Հայտարարությունը մեծ հաշվով համապատասխանում է այն դիվանագիտական բառապաշարին, որը դարձել է սովորական Ռուսաստանում Ղրիմի անեքսիայից հետո, այսինքն` դիվանագիտական կոմպոնենտի հենց բացակայությունը: Հայտարարության տողատակերում կարելի է ցանկության դեպքում նաև սպառնալիքներ տեսնել: Կանադայի արտգործնախարարության կողմից տարածված հայտարարությունը ևս աչքի չէր ընկնում նրբանկատությամբ, ճիշտ կլիներ առանձնացնել Հայաստանում դեսպանատան բացման հայտարարությունը մյուս երեք երկրներում դեսպանատների բացման հայտարարությունից և այնտեղ հենց շեշտել ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստը», - նշեց Տիգրան Գրիգորյանը:

Հակոբ Բադալյանը հուսով է, որ հայտարարությունից այն կողմ չի անցնի. «Շատ կարևոր է, որպեսզի մեր արևմտյան գործընկերները հաշվի առնեն Ռուսաստանի այդ որոշակիորեն անկյուն քշված վիճակը, որովհետև այդ իրավիճակում Ռուսաստանը դառնում է ավելի վտանգավոր: Եթե առանցքային է հենց Հայաստանի հետ հարաբերությունը զարգացնելու, ոչ թե Հայաստանի միջոցով Ռուսաստանին ավելի նյարդայնացնելու նպատակ, դրանք բերելու են հետևանքի Հայաստանի համար:

Անկասկած է, որ այդ հետևանքը լինելու է ծանր, առաջնային թիրախում կարող է հայտնվել օրինակ` Սյունիքը»:

Երևանը դեռ չի արձագանքել

Մեկ օր անց պաշտոնական Երևանը չի արձագանքել Ռուսաստանի դեսպանության հայտարարությանը, իշխանական շրջանակները ևս մեկնաբանություններից ձեռնպահ են մնում։ Իսկ դեսպանություն բացելու Օտտավայի որոշումը Երևանն անմիջապես էր ողջունել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել էր՝ դա հնարավորություն կտա ընդլայնել հայ-կանադական համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։

Հակոբ Բադալյանը կարծում է՝ եթե Երևանն արագ արձագանքեր Կանադայի հայտարարությանն, իրավիճակն այսքան չէր խորանա. «Խոսքը ոչ թե դեսպանատուն չբացելու կամ բացելու հարցն է, այլ ձևակերպումը, որ դա բացում են նաև Ռուսաստանին հակազդելու նպատակով: Ես կարծում եմ` Երևանն այդ ձևակերպումից հետո պետք է ուշադիր լիներ` պարզապես ազդարարելով, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե իր տարածքում սուբյեկտների միջև հակազդեցության տրամաբանությամբ, այլ հակառակը` իր տարածքը դարձնել համադրության գոտի, այսպես ասած: Առավել անհիմն կդառնար Ռուսաստանի այսօրինակ արձագանքը»:

Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ Հայաստանի արտգործնախարարության արձագանքի կարիքն այժմ էլ կա. «Նշվի, որ պետք չէ Հայաստանին ներքաշել Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական այդ դիմակայության մեջ»:

Արևմտյան երկրների շարքում ՆԱՏՕ-ի անդամ Կանադան խստորեն դատապարտել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա՝ տրամադրելով նաև ռազմական օգնություն։ Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմի ավելի քան 4 ամիսներին կարողացել է ձեռնպահ մնալ դիրքորոշում հայտնելուց։

XS
SM
MD
LG