SUMMEET ժամանակակից պարի 2-րդ միջազգային փառատոնի մի մասնիկը «Սիյուհ հույիս» բալետային ներկայացումն էր: Սեր, հուզմունք, կիրք` բոլոր զգացմունքները շարժման՝ պարի միջոցով են հորդում բեմից։
Անցած շաբաթ Հայաստանում այս նախագիծն իրականացվեց ոչ միայն տեղացի, այլ նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ռուսաստանից ժամանած պարախմբերի մասնակցությամբ։
10-ից ավելի ստեղծագործություններից բացի, վարպետաց դասեր, հայտնի արտիստների հետ հանդիպումներ, կլոր սեղաններ, նորագույն տեխնոլոգիաներն այս տարվա նորամուծությունն էին։
Կոնսերվատորիայի օպերայի ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը գոհ է արդյունքից։ Փառատոնի հիմնական հարթակը հենց ստուդիայի դահլիճն էր, սակայն պարն այս անգամ էլ չտեղավորվեց ժամանակի և տարածության մեջ, դուրս եկավ փակ դահլիճներից և թափառեց մարզերով: Ներկայացումներից մեկը Ձորաղբյուրում նկարիչ Տիգրան Ձիթողցյանի թանգարանում էր, Լոռիում էլ հենց գյուղամիջում էին պար բեմադրել։ Փառատոնի համահիմնադիր Էռնա Ռևազովան է ոգևորությամբ պատմում՝ ինչպես գյուղացիները միանգամից միացան իրենց մտահղացմանը։
«Երբ որ մենք մտածում էինք Դսեղում ներկայացում անել և, իհարկե, մտածում էինք ինչպես տեղավորել ամբողջ հանդիսատեսին գյուղամեջում` կանաչ խոտերի մեջ, և որոշեցինք ինչու ոչ, կոչ անենք` արի քո աթոռով, և այդպես բոլորն իրենց աթոռներով եկան, և շատ լավ ներկայացում արեցինք», - նշում է նա:
Փառատոնն այս տարի փակվեց Ֆրանսիական Cie d’Autres Cordes ընկերության «Անտառ» ներկայացմամբ։ Հեղինակ, բեմադրիչ Ֆրանկ Վիգրուն, որն առաջին անգամ էր Հայաստանում, շատ չէր լսել հայկական ժամանակակից պարի մասին, սակայն տպավորված է վերադառնում Ֆրանսիա, ավելին՝ ասում է` նոր մտքեր գուցե առաջանան այս այցից։
«Սուպերլավ մտահղացում է այս միջոցառումը մոդերն պարն ավելի հանրահայտ դարձնելու համար»,- ասում է ֆրանսիացի արվեսգաետը՝ համոզված լինելով` համագործակցության նոր կամուրջներ դեռ կկառուցվեն. «Ենթադրում եմ, որ սիրողական և պրոֆեսիոնալ պարով զբաղվողների համար սա նոր ցանկությունների դաշտ է»:
Դեռ անցած տարի, երբ փառատոնը նոր էր ոտքի կանգնում, հայ և ռուս պարուսույցներ, փառատոնի համահիմնադիրներ Արման Բալմանուկյանն ու Վալերիա Կասպարովան վստահ էին՝ սա կարևոր քայլ է լինելու ժամանակակից պարարվեստում, հայկական պոտենցիալը ստվերից դուրս գալու հնարավորություն է ստանալու, և ահա այս տարի արդեն պտուղները քաղելու ժամանակն է։
«Կարելի է ասել` ամենակարևոր համագործակցությունը գերմանական ընկերության կողմից մեր պարողներից մեկին արված հրավերն էր, այսինքն` նա շուտով կհանգրվի Դյուսելդորֆում, և կարծում եմ` համաշխարհային պարային ընկերության կազմում հայ պարող ունենալն արդեն փառատոնի համար, կարելի է ասել, մեծ հաջողության արձանագրում է», - նկատեց Արման Բալմանուկյանը:
Հայկական մոդերն բալետը դեռ աննկատ է զարգանում։ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանն ասում է՝ պետական այրերը շատ հետաքրքրված չեն, փառատոնն իրենց այցով չեն պատվել։ Հուսահատվելու ժամանակ, սակայն, երգչուհին չունի։ Ասում է՝ մեր գործը նոր ճաշակ ու մտածողություն ձևավորելն է. «Մարդիկ հույս ունենան և հավատան, որ Հայաստանը ևս իր փոքրիկ ներուժով այսօրվա այսքան դժվար պայմաններում կարող է այպիսի փառատոն ոտքի հանել: Սա ինձ համար մի անգամ ևս ամենակարևոր փաստն է, թե ինչու ես պետք է այստեղ լինեի հիմա` Հայաստանում»:
Կազմակերպիչներն արդեն նոր գաղափարներ ունեն հաջորդ փառատոնի համար` մարզերն են այս անգամ առավել ուշադրության կենտրոնում լինելու: Վստահեցնում են՝ կրեատիվի պակաս չկա։