Մատչելիության հղումներ

Այգեպարի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածքում, ըստ բնակիչների, ռուսական ռազմաբազա է լինելու


Այնտեղ, որտեղ խորհրդային տարիներին Յակ-40 օդանավի թռիչքուղին էր, ռուսական ռազմաբազա է լինելու, լսել են այգեպարցիները։

Ավելի քան մեկ ամիս է՝ Տավուշի Բերդի տարածաշրջանի Այգեպար գյուղի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածքում ակտիվ շինարարություն է:

Հունիսի 17-ին կառավարության չզեկուցվող հարցերի շարքում էր «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ N 2 արձանագրության ստորագրման հարցը:

Ըստ կառավարության կայքէջում տեղադրված հիմնավորման՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի հասցեներում տեղ գտած փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմում, նաև իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերում: Հիմնավորումը ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ», - նշված է հիմնավորման մեջ:

Կառավարության որոշումը կա, սակայն պայմանագիրը դեռ պետք է մշակվի ու ի վերջո՝ վավերացվի խորհրդարանում: Գործադիրի հրապարակած փաթեթում հասցեներ, հողատարածքների բնութագրեր ու այլ մանրամասներ չկան: Ռուս զինվորականների համար ի՞նչ է ի վերջո կառուցվում Բերդում, տեղացիների պնդմամբ, շինարարությունը ղեկավարողների թվում ռուսներ էլ կան: Ինչ ժամկետ, զինվորականների քանակ ու ինչպիսի առաքելության մասին է խոսքը՝ պաշտպանական գերատեսչությունը բոլոր այս հարցերին պատասխանները չի տրամադրում, հորդորեցին գրավոր հարցում անել։


Բերդի համայնքապետի տեղակալ Սամվել Հովսեփյանի տեղեկացմամբ՝ օդանավակայանի տարածքը համայնքային հող չէր, իրենց գործը միայն այն է եղել, որ տվել են շինթույլտվություն կառուցապատողին:

«Երևի եղել է Կապի, տրանսպորտի նախարարությանը երևի, բայց ինքը հին ժամանակներից օդանավակայանի տարածք ա, դա համայնքային չի», - ասաց Հովսեփյանը:

Բերդի տարածաշրջանի Այգեպար գյուղը ադրբեջանական Ալիբեյլիից մեկ կիլոմետրի վրա է՝ օդանավակայանի տարածքն էլ դիտարկման տակ է: Բնակիչները ռուսական ներկայությունը սահմանի այս հատվածում անվտանգության երաշխիք են համարում:

«Ժողովուրդը հույսները կապում են, որ հանգիստ կլինի: Լավ գիտեք էլի, ամենամոտ տարածքն ա, 30 տարի կրակոցների տակ, հրացաններով էլ են կրակում, ստեղ ա հասնում: Ինչ-որ տեղ հուս են կապում, բա ինչ անեն», - ասաց Այգեբարի բնակիչ Վաչե Քալանթարյանը:

«Ապահովության համար​ մի քիչ լավ կլինի, էլի կռիվ չեն անի ամեն մոմենտ էն ժամանակվա պես՝ ռմբակոծեն, կրակեն», - նշեց գյուղի մեկ այլ բնակիչ՝ Համլետ Մարգարյանը:

Տավուշի այս հատվածում հայ-ադրբեջանական վերջին բախումը 2020-ի հուլիսն էր. օրեր շարունակ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերդ, Չինարի բնակավայրերը ռմբակոծության տակ էին խոշոր տրամաչափի զենքերից. երկու ամիս անց 44-օրյա պատերազմն էր:

XS
SM
MD
LG