Մատչելիության հղումներ

Նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով պետք է բարձրանա մինչև 85 հազար դրամ. նախարար


Նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով պետք է բարձրանա մինչև 85 հազար, «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով կառավարության 2021-26 թվականի ծրագրում ներառված փոփոխություններին, հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա ընդգծեց, որ նվազագույն աշխատավարձը 2023 թվականին 65 հազար դրամից դարձնելու են 75 հազար՝ ընդգծելով. «Դա մեր վերջնական թիրախը չէ, բայց մենք փուլային տարբերակով ենք գնալու, պետք է բարձրանա 85 հազար, որովհետև մենք ունենք կառավարության ծրագրում հստակ սահմանված թիրախը, բայց մինչև 2026 թվականը»:

Նախարարի փոխանցմամբ՝ բարձրացվելու է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը:

«Հիմա գործող կարգով գյուղաբնակ աշխատող և չաշխատող մայրերը ստանում են խնամքի նպաստ կրկնակի, քաղաքաբնակ՝ միայն աշխատող, հիմա մենք առաջարկում ենք, որ պետք է նախ բարձրացում լինի 28 հազար 600-ից դառնում է 30 հազար 700, աշխատողների դեպքում 34 հազար կլինի այդ նպաստի չափը, իսկ գյուղաբնակները կրկնակի կստանան», - ասաց Նարեկ Մկրտչյանը:

Մկրտչյանը նշեց նաև՝ հայտում տեղ գտած փոփոխություններից է նաև, որ եթե մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը եթե մայրը որոշում է, որ պետք է դուրս գա կամ վերադառնա աշխատանքի, կշարունակվի տրամադրվել երեխայի խնամքի նպաստը:

Անդրադառնալով գնաճին նախարարն ասաց, որ «ամենատարբեր վերլուծություններով դեռ գնաճային ֆոնը կշարունակվի մինչև տարվավերջ»:

«Մենք կենսաթոշակառուներին և կենսաթոշակային կարգով նպաստառուներին որոշակիորեն նաև նրանց գնողունակությունը բարձրացնելու համար, ֆինանսական նոր գործիքների կիրառելիությունը մեծացնելու նպատակով ընդունեցինք կենսաթոշակների և կենսաթոշակի կարգով վճարվող նպաստների վերադարձը 10 տոկոս, որը հուլիսի 1-ից արդեն կսկսի գործել: Այսինքն բոլոր այն թոշակառուները և նպաստառուները, որոնք իրենց կենսաթոշակները կստանան քարտերի միջոցով և մենք ունենք 3 գործընկեր բանկ, ապա նրանք մյուս ամիս արդեն կհաշվարկվի 10 տոկոսը ու հետվճար կստանան», - ներկայացրեց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG