Մատչելիության հղումներ

Գալիք տարի կնշվի հայ կինոյի ստեղծման 100-ամյակը


2023 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը նշելու է հայ կինոյի ստեղծման 100-ամյա հոբելյանը Հայաստանում և արտերկրում ՝ բազմաթիվ նախագծերով, որոնք նախապատրաստվում են արդեն այս տարվանից, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։

Իհարկե անհնար է նշել հայ կինոյի100-ամյակը առանց հայկական ֆիլմերի ցուցադրության և կինոկենտրոնի հիմնական ծրագրերից մեկն էլ հայկական ֆիլմերի ցուցադրությունն է ողջ տարվա ընթացքում. - «Մենք նպատակ ունենք Երևան քաղաքի մեջ ցուցադրենք և մարզերում, որտեղ դա հնարավոր է, հայկական ֆիլմեր, և դա կլինի անվճար մեր հանդիսատեսի համար։ Կփորձենք գտնել հնարավորություններ, որ կարողանանք դահլիճներ վարձակալենք, ամեն շաբաթ օր, որ մեր հանդիսատեսը իմանա, որ ինքը կարող է գնալ հայկական ֆիլմ նայել։ Մեկ ամբողջ տարի։ Սա ծրագրերից մեկն է»։

Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հաջորդ տարվա ապրիլի 16-ից, որը համարվում է հայկական կինոյի հիմադրման օրը, քանի որ 1923 թվականին հենց այդ օրն է ընդունվել նախկին Խորհրդային Հայաստանում կինոարտադրություն հիմնելու խորհրդային կառավարության որոշումը. - «Եվ ամբողջ տարի ինքը շարունակական ա լինելու, մինչև հաջորդ տարի և ավել։ Որովհետև հաջորդ տարի գալիս է Փարաջանովի հարյուրամյակը։ Մենք բոլոր մեր այս ծրագրերը որ կառուցում ենք, տարբեր միջազգային կառույցները, տարբեր երկրների հետ ենք աշխատում»։

Շուշանիկ Միրզախանյանի խոսքով, Ազգային կինոկենտրոնը սերտորեն համագործակցում է արտասահմանյան մի շարք հեղինակավոր կինոկենտրոնների, փառատոների ղեկավարների և այլ կինոհաստատությունների հետ՝ ներկայացնելու լավագույն հայկական ֆիլմերը որոշակի ծրագրերի շրջանակներում։ Այս առումով արդեն իսկ ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ 2024 թվականին տարբեր երկրներում կայանալիք կինոփառատոներին հայկական ֆիլմերի ցուցադրության համար։ Այդ նպատակով արսեն իսկ թվայանցվում և վերականգնվում են, օրինակ, Համո Բեկնազարյանի որոշ ֆիլմեր, թվայնացվել և վերականգնվել են Սերգեյ Փարաջանովի մի քանի ֆիլմերը։

«Ունենք պայմանավորվածություն մարտ ամսին արդեն ֆրանսիական Սիմեմատեկում։ Իրենք մեծ փառատոն են անում և մեծ ցանկություն են հայտնել այդ փառատոնի շրջանակներում հայկական ֆիլմեր, հիմնականում համր ֆիլմեր... մոտ հինգ համր ֆիլմ իրենց այդ մասնագիտական հարթակում ցուցադրելու են։ Ունենք պայմանավորվածություն «Կանն կլասիկի» հետ, մենք արդեն իսկ գրություն ենք ստացել իրենցից, որ իրենք հետաքրքրված են «Բարև, ես եմ» ֆիլմը եթե մենք վերականգնենք, իրենք կդիտարկեն, որ կարողանանք էկող տարի Կաննի փառատոնի շրջանակներում ֆիլմը ցուցադրենք։ Ունենք պայմանավորվածություն Կաննի քաղաքապետի հետ, որ Հայկական կինոյի օրեր անենք մեկ շաբաթ։ Ունենք Բոլոնիայի փառատոնի հետ պայմանավորվածություն, էնտեղ ենք ցուցադրելու հայկական ծրագիր։ Ես ձեզ հավատացնում եմ՝ Վրաստանի, Պարսկաստանի, շատ-շատ երկրների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մենք իրենց մոտ անցկացվող բոլոր միջազգային լավ փառատոներին պարտադիր իրենք մտցնելու են հայկական կինոյի ծրագրեր։ Ունենք Կանադայում պայմանավորվածություն»։

Այս 100 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 3000 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր են ստեղծվել, և Ազգային կինոկենտրոնի գործունեության կարևորագույն նպատակն է նաև վերականգնել և պահպանել այս կինոժառանգոությունը։ Իսկ հայկական ֆիլմերի թվայնացման և վերականգնման նպատակով 2018 թվականից Հայաստանի ազգային կինոկենտրոնը համագործակցում է արտասահմանյան մասնագիտացված հաստատությունների հետ, քանի որ առայժմ այստեղ Հայաստանում նման հանրավորություններ դեռ չկան. - «Մաքսիմալ դիմում ենք տարբեր ֆոնդերի։ Ներկայացնում ենք մեր ֆիլմերը, և իրենք են ընտրում շատ անգամ, թե որ ֆիլմին իրենք գումար կդնեն այդ ֆիլմը վերականգնելու։ Սակայն մենք դա անում ենք, որովհետև մեր երկիրը ի վիճակի չի շատ ֆիլմեր վճարելու վերականգնողական աշխատանքներ և այլն, և այլն... գումարների խնդիր ա։ Հարյուրամյակը ուզում ենք օգտագործենք և տարբեր ֆոնդերի աջակցությունը ֆինանսական օգտագործենք, որ կարողանանք մաքսիմալ ֆիլմեր վերականգնենք և պահպանենք։ Ե'վ պետական ֆինանսավորումն ենք օգտագործում, և' դրսի ֆոնդերը։ Սա շատ կարևոր է մեզ համար, սերունդների համար, անհրաժեշտ ա, որ մենք դա անենք, ստեղծենք և պահպանենք։ Մենք մեր պատմությունը պետք է սիրենք, մեր պատմությունը պետք է պահպանենք»։

Հայտնի փաստ է, որ խորհրդային տարիներին ստեղծված ֆիլմերի գերակշիռ մասը գաղափարախոսական ուղղվածություն ունի։ Հարցիս, թե արդյո՞ք այդ դեպքում ողջ խորհրդային կինոժառանգության պահպանման անհրաժեշտությունը կա, թե՞ ընտրողաբար պիտի այս խնդրին մոտենան և գումարները ուղղեն ժամանակակից հայ կինոյի զարգացմանը, Ազգային կինոկենտրոնի Ժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը պատասխանեց, որ իրենց խնդիրը ֆիլմերը արժեվորելը չէ. - «Մեր խնդիրը պահպանելն ա։ Ով ա արժեվորելու, ով ա դրա մեջ տեսնելու լավը, վատը, դա արդեն լրիվ այլ հարց է։ Մենք չենք որոշողը, թե, օրինակ, սա գլուծգործոց է, սա գլուծգործոց չի։ Մենք մեր հավաքական հիշողության, դրա լավ և վատ կողմերի պահպանողներն ենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG