Ազգային ժողովը առաջիկայում արտահերթ ընթացակարգով Սահմանադրական դատարանի (ՍԴ) երկու դատավորների ընտրության հարց է քննարկելու։ Թեկնածուներն են Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը։
Գործող դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին և կառավարությունն ու նախագահականը նոր թեկնածուներ են առաջադրել։
ԱԺ լրատվականի փոխանցմամբ՝ նախագահ Վահագն Խաչատրյանը առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը, ով ներկայումս զբաղեցնում է նախագահականի իրավաբանական վարչության պետի պաշտոնը, իսկ կառավարությունը առաջադրել է Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանին։
Կառավարության նիստին դատավորի թեկնածուին ներկայացրեց վարչապետ Փաշինյանը. - «Նա հայտնի է իր փաստաբանական գործունեությամբ»:
«Շնորհակալ եմ հավատի համար, վստահության համար, կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, ու դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնի թեկնածու առաջադրելու համար», - ընդգծեց Սաֆարյանը:
60-ամյա Սաֆարյանը հայտնի է 2008 թվականի մարտյան արյունալի դեպքերից հետո ձևավորված փաստահավաք խմբում կատարած աշխատանքով, հետագայում նա դատարանում ներկայացրել է Մարտի 1-ի իրադարձություններից տուժած անձանց, հենց դատարանի դահլիճում էլ պարբերաբար քննադատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ էլ Սաֆարյանը եղել է «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի 3-րդ համարը։
Վարչապետը հայտարարեց՝ Սաֆարյանի առաջադրման հարցը քննարկել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում։
«Ըստ էության կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը և տրամաբանական է այս դեպքում», - նշեց վարչապետը:
«Հայաստան» դաշինքը Սաֆարյանի ընտրության հարցի քննարկմանն ու քվեարկությանը մասնակցել չեն պատրաստվում. Խամոյան
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի փոխանցմամբ՝ խորհրդարանում Սաֆարյանի ընտրության շուրջ հարցի քննարկմանն ու քվեարկությանը մասնակցել չեն պատրաստվում։
«Չեմ կարծում, որ տիկին Սեդա Սաֆարյանին Սահմանադրական դատարանի անդամ կարգելու այդ արարողության մասնակիցը մենք դառնալու ենք, բնականաբար, ոչ: Տիկին Սաֆարյանի և Նիկոլ Փաշինյանի երկխոսությունն արդեն փաստում է, թե ինչպիսի դատավոր է ինքը լինելու, այստեղ անկախության մասին, օբյեկտիվության մասին պատրանքներ ունենալ, իհարկե, անգամ իշխանությանը մերձ հատվածները չեն կարող», - ընդգծեց Խամոյանը:
Նա առանձնացնում է Փաշինյանի շեշտադրումը, թե Սաֆարյանի առաջադրումը քաղաքական որոշում է։ Ընդդիմադիր պատգամավորը նկատում է նման հայտարարություն Փաշինյանը արել է նաև քաղաքական չեզոքություն պահելու պահանջ ունեցող այնպիսի պաշտոնների դեպքում, ինչպիսիք են հանրապետության նախագահը, գլխավոր դատախազը և այլն։
«Մենք չունենք իշխանության ճյուղերի տարանջատում, և Նիկոլ Փաշինյանն անգամ չի թաքցնում, թե ում որ պաշտոնին ինչի համար է նշանակում: Ակնհայտորեն տիկին Սեդա Սաֆարյանին հայտնած շնորհակալությունն է Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի կեղծ փաստահավաք խմբի ու նաև Մարտի 1-ի ժամանակ իր և եղբոր իրականացրած քարոզչական աշխատանքի համար», - ընդգծեց Խամոյանը:
Սեդա Սաֆարյանը կառավարության շենքից հեռացավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Ավելի ուշ շատ կարճ արձագանքեց ընդդիմադիրների քննադատությանը, ասաց իր նշանակումը Մարտի 1 գործի հետ որևէ կապ չունի:
«Չեմ կարծում, որ քաղաքական ճնշում կլինի, կարծում եմ, օբյեկտիվ կլինեն: Ասել են՝ «ուզում ենք Ձեզ առաջարկենք որպես թեկնածու, համաձա՞յն եք, թե՝ ոչ», այլ քննարկում չի եղել», - ընդգծեց Սաֆարյանը:
Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, տասներկու տարի ժամկետով և փակ գաղտնի քվեարկությամբ։
Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի, երեքը կառավարության, երեքը նախագահի առաջարկությամբ: