Մատչելիության հղումներ

Քամուց տուժած շիրակցի ընտանիքները կառավարությունից վնասի փոխհատուցում են ակնկալում


Դեռ երեկ առավոտյան այս տներում մարդիկ էին ապրում․ կեսօրն անց, սակայն, ուժեղ քամին դրանք դարձրել է վթարային՝ տապալելով տանիքներն ու էլեկտրասյուները։

Հառիճ ու Սարալանջ գյուղերում համեմատաբար քիչ վնաս է եղել, ավելի շատ Նահապետավան է տուժել: Թուխիկ Մովսիսյանը տանը թոռների ու հարսի հետ է եղել, երբ քամին տան տանիքի կեսը պոկել ու հարևանի բակ է շպրտել. - «Կտուրը տարել ա հարյուր հիսուն մետրի վրա, հարևանի դաշտի մեջը»։

Հարևան տան տանիքն էլ է հաշված րոպեների ընթացքում օդ բարձրացրել: Տանտերերը՝ Վարդանյան ամուսինները արտագնա աշխատանքի են: Դուստրերն են եկել տանիքը պոլիեթիլենով փակել, որ անձրևը տուն չլցվի. - «Էդ պահին տանը մարդ չի եղել։ Ինձ զանգահարել եմ, էկել եմ տեսել եմ արդեն տունը տուժված։ Մեծ վնաս է, անզեն աչքով էլ տեսնում ենք, տանիքն ամբողջությամբ պոկված։ Մայրիկս վաղը գալու է, տեսնենք ինչ կարանք անենք»։

Արտագնա աշխատանքի են նաև հարևան երկու ընտանիքների տղամարդիկ․ հարազատներն ասում են՝ գնացել էին, որ գումար ուղարկեին՝ վարկ ու պարտք փակեին, իսկ հիմա ստիպված են լինելու տանիք նորոգել:

Քամուց տուժած ընտանիքները կառավարությունից վնասի փոխհատուցում են ակնկալում, սեփական ուժերով, ասում են, ոտքի չեն կարող կանգնել:

«Գոնե մի քիչ օգնություն տրամադրեն։ Ունենք աջակցության կարիք, կառավարության վրա հույսեր ունենք։ Տեսնենք ինչքանով կաջակցեն»։

Նահապետավանի վարչական ղեկավար Սեդրակ Մնոյանը ընդունում է՝ անձրևային այս օրերին, եթե ուշացնեն, տներն էլ ավելի կվնասվեն: Բայց օգնության հնարավորություն ու լիազորություն չունի։ Գյուղը խոշորացվել է՝ միանալով Արթիկին։ Հիմա պիտի վնասը հաշվեն, ուղարկեն Արթիկի համայնքապետարան, հետո էլ՝ Շիրակի մարզպետարան, ապա՝ կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG