Այսօր և վաղը երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրկին պրեմիերաներ են՝ ուշագրավ համադրությամբ մեկ երեկոյի ընթացքում կներկայացվեն Ռախմանինովի «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան, իսկ այնուհետև Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարեր» բալետը, ինչը նորույթ է օպերային թատրոնի խաղացանկում։
Ինչպես և ընդամենը մի քանի օր առաջ պրեմերայի ներկայացված Վերդիի «Տրավիատա» օպերայի պարագայում, այս անգամ ևս «Ալեկո» օպերայի բեմադրող ռեժիսորն է Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնից հրավիրված ռեժիսոր Իրկին Գաբիտովը։ Իսկ «Սիմֆոնիկ պարերը» վերաբեմադրել է Արա Ասատուրյանը։
Ինչպես նշում է թատրոնի տնօրեն և երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանը, «Ալեկո» օպերան թատրոն խաղացանկից երկար տարիներ դուրս էր մնացել, իսկ հիմա այն նոր բեմադրությամբ կհանձնվի հանդիսատեսի դատին։ Իսկ «Սիմֆոնիկ պարերը» այստեղ բեմադրվում է առաջին անգամ, բայց այն անվանի բալետմայստեր, 20 տարի մեր օպերային թատրոնում աշխատած Աշոտ Ասատուրյանի վերջին բեմադրությունն է, բայց այստեղ այն չի ներկայացվել, այլ բեմադրվել է Խարկովում»։
Եվ ահա տասնամյակներ անց նրա որդին՝ բալետմայստեր Արա Ասատուրյանը վերաբեմադրել է այս բալետը. - «Իհարկե, Ռախմանինովի գործը դա վերջին գործերից է, որ նա բեմադրել է ոչ այստեղ, այլ Խարկովում 87 թվականին։ Կարելի է ասել, իր վերջին մեծ բալետն է։ Եվ ես ինչու եմ իմ պարտքը, իմ առաքելությունը համարում, որպեսզի երկար տարիներ հետո գոնե լինի մի ներկայացում իր հարազատ թատրոնում, ներկայացվի հանդիսատեսին։ Փառք Աստծո, կան հնարավորություններ։ Շատ ժամանակակից հնչեց։ Ես համոզված էի դրանում, որովհետև իմ հայրը մի փոքր ժամանակից առաջ էր այն ժամանակ»։
Փաստորեն օպերային թատրոնը իր հանդիսատեսին մի քանի օրվա ընթացքում երեք պրեմերա է ներկայացնում և այս գործընթացը, ինչպես ընդգծում է թատրոնի տնօրեն և երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանը շարունակվելու է. - «Միևնույն ժամանակահատվածում մենք պատրաստեցինք «Տրավիատա», «Ալեկո», «Սիմֆոնիկ պարեր», և օգոստոսի 1-ին լինելու է «Ռոմեո և Ջուլիետ»։ Այսինքն՝ չորս ներկայացում միաժամանակ։ Հավատացեք, դա բավականին մեծ աշխատանք է, որը թատրոնի անձնակազմը անում է ամեն օր։ Իրականում մարդիկ, որոնք նաև սիրում են իրենց թատրոնը... աշխատելու հնարավորությունը սահմանափակ է եղել։ Երեսուն տարի մենք տեսել ենք թատրոնը վերելք է ապրել, իջել է, բնականուն պրոցես է ապրել, բայց մենք այսօր ի՞նչ ունենք։ Մենք այսօր ունենք շատ փոքր ռեպերտուար, և մենք պետք է շատ արագ ռեպերտուարը ընդլայնենք։ Այդ իսկ պատճառով այս կարճ ժամանակահատվածում մենք միանգամից սկսեցինք աշխատել, որպեսզի չորս ներկայացումները հանենք բեմահարթակ։ Հավատացեք, շատերը ասում են, որ մենք գիժ ենք։ Որովհետև մեկ, մեկ ու կես ամսում չորստ ներկայացում անել, այդքան կոստյում վերականգնել, կարել նորովի... մարդիկ կան, որոնք քսանչորս ժամ են աշխատում։ Սա մեր բոլորի թատրոնն է, և մենք բոլորի վերաբերմունքով մենք կկարողանանք թատրոնը բարձրացնել վերև։ Նաև մեր սիրելի հանդիսատեսի շնորհիվ։ Անշուշտ՝ նաև պետության, բայց պետությանն էլ պետք է օգնել աշխատանքով։ Հավատացեք, այս ստեղծագործությունը բավականին բարդ է, և ամեն մի թատրոն չէ, որ հնարավորություն ունի «Ռոմեո և Ջուլիետ» ցույց տալ իր բեմահարթակում, որովհետև մեր բալետային խումբը շատ տաղանդավոր է, և Վինոգրադովը, որը համաձայնեց գալ այստեղ, որպեսզի օգնի ներկայացումը հանենք բեմահարթակ, որի համար մենք շատ շնորհակալ ենք, շատ դժվար աշխատանք է անում այսօր մեր թատրոնի անձնակազմը։ Ամեն տարի մենք պետք է գոնե չորս նոր ներկայացում ունենանք։ Ինչո՞ւ։ Որովհետև շարժիչ ուժը նոր ներկայացումներն են»։