Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Բելառուսին «Իսկանդեր Մ» համալիրները փոխանցելու որոշման մասին։
«Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք Բելառուսին կհանձնենք «Իսկանդեր M» մարտավարական հրթիռային համակարգերը, որոնք կարող են օգտագործել և՛ բալիստիկ, և՛ թևավոր հրթիռներ, ընդ որում ինչպես սովորական, այնպես էլ միջուկային տարբերակներով»,- ասել է Պուտինը շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
Ռուսաստանի նախագահն առաջարկել է հանձնարարել պաշտպանության նախարարներին և գլխավոր շտաբների պետերին մշակել բոլոր մանրամասները՝ կապված այս համատեղ աշխատանքի հետ։
2019 -ին Միացյալ Նահանգները պաշտոնապես դադարեցրեց մասնակցությունը փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրին: Մինչ այդ ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում էր պայմանագիրը խախտելու մեջ։ Վաշինգտոնը համարել էր, որ Ռուսաստանը թաքցնում է «Իսկանդեր Մ» հրթիռների 9М729 համալիրի իրական հզորությունը, և պահանջել ոչնչացնել այդ հրթիռները, քանի որ դրանք խախտում են դեռևս 1987 թվականին ստորագրված պայմանագրի պահանջը։ Ըստ Վաշինգտոնի` այդ բալիստիկ հրթիռն ունի ավելի մեծ հեռահարություն։ Մոսկվան պնդել էր, որ «Իսկանդեր-Մ» հրթիռների հեռահարությունը չի խախտել պայմանագիրը։