Մատչելիության հղումներ

Զազը խոստացավ` վաղվա համերգին դրական լիցքեր կփոխանցի, որ հանդիսատեսը տոնը սրտում տուն գնա


Ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը համերգից մեկ օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը անկեղծացավ՝ այս անգամ էլ Հայաստանում չի հասցնի զբաղվել իր մեկ այլ սիրած գործով՝ արշավով, թեև տեսել է հայկական բնաշխարհի հրաշալի հնարավորությունները։ Արտիստի հոգին շոյվում է հայկական ջերմ ընդունելությունից, ասում է Զազը՝ մի գաղտնիք էլ բացելով՝ մի կտոր Հայաստան իր Փարիզում միշտ ունի:

«Շատ եմ սիրում հայկական դուդուկը, շատ եմ լսում դուդուկահար Լևոն Մինասյանի ձայնասկավառակը, հատկապես «Երազ երգը» և երբ շատ հոգնած եմ լինում, հենց դուդուկ եմ լսում լիցքավորվելու համար», - ասում է նա:

Վերջին անգամ 4 տարի առաջ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում էր Հայաստանում։ Այդ ժամանակ գագաթնաժողովի գալա համերգին ֆրանսիացի երգչուհին ասել էր, որ տարօրինակ է գալ այստեղ ու չհանդիպել Շառլ Ազնավուրին. «Շատ հուզված եմ, որ Հայաստանում եմ՝ Շառլ Ազնավուրի հայրենիքում», - այսօր ասաց նա:

Հիմա էլ ավելացրեց՝ այստեղ լսում է նրա ձայնը, կատակները, խորհուրդները, որոնցից մեկն այդպես էլ չարեց՝ անգլերեն չսովորեց։

«Ազատությունը» երգչուհուն հիշեցրեց, որ մեծ շանսոնյեն ժամանակին հենց իրեն էր առանձնացրել որպես Ֆրանսիայի երգարվեստի ապագա, համեմատել Էդիտ Պիաֆի հետ։

«Ինձ համար շատ ոգևորիչ ու հուզիչ էր լսել, թե ինչ է նա իմ մասին ասել։ Իհարկե, չափազանցություն կլինի ասել, որ ես եմ ֆրանսիական երգի ներկայացուցիչը, այլ արտիստներ էլ կան Ֆրանսիայում, որ արժանի են այդ խոսքին։ Բայց կարծում եմ, որ իմ ձայնի մեջ կա ինչ-որ բան, որ հիշեցնում է հին ֆրանսիական երգերը, և նորի հետ խառնուրդն էլ այսպիսի արդյունք է տալիս», - ի պատասխան ասաց նա։

Ակումբներում կարիերան սկսած երգչուհին պատմեց, որ իր փառքի ճանապարհը սկսվեց փողոցից, երբ բաց երկնքի տակ ծնվեց այսօր հիթ դարձած «Je veux» երգը:

«Ինձ ոչ մի տեղ աշխատանքի չէին ընդունում, այդ ժամանակ էլ որոշեցի՝ ընկերներիս հետ գնամ փողոց ու երգեմ։ Երգի իմաստն էլ այն էր, որ փողը չէ, որ կարևոր է..»:

Կարևոր է այն, թե ինչի վրա ես կենտրոնացնում ժամանակդ՝ փողի՞, հաջողությա՞ն, ընտանիքի՞դ: Երգչուհին ներդաշնակ է զգում իրեն իր իսկ ստեղծած միջավայրում, թիվ մեկ քննադատն ու մոտիվատորն էլ հենց ինքն է։ Վաղվա համերգին, ասում է, դրական լիցքեր կփոխանցի, որ հանդիսատեսը տոնը սրտում տուն գնա։

Զազի համերգով կբացվի «Հայա» փառատոնը, որի հյուրերից է լինելու նաև ամերիկացի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ 50 Cent-ը։ «Հրազդան» մարզադաշտում մի քանի օրից էլ նախատեսվում է «Led Zeppelin Symphonic» նախագծի համերգը։

XS
SM
MD
LG