Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում վերջին տասնամյակների ընթացքում զենքի որոշ խստացումների օրինագիծ է ընդունվում


Ակցիա ԱՄՆ-ում
Ակցիա ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Սենատը երեկ ուշ երեկոյան հավանություն տվեց հրազենային բռնության դեմ ուղղված երկկուսակցական օրինագծին, որը վերջին երեք տասնամյակի ընթացքում զենքի հետ կապված Սենատում ընդունված առաջին օրինագիծն է։ 15 հանրապետականներ միացան 50 դեմոկրատներին, և հանրային անվտանգությանը միտված օրինագիծն ընդունվեց գերակշիռ մեծամասնությամբ։

Սենտում դեմոկրատների մեծամասնության ղեկավար Չաք Շումերն ասաց. «Սա բոլոր հիվանդությունները բուժող դեղամիջոց չէ նրա, թե ինչպես է հրազենային բռնությունը ազդում մեր հանրության վրա, բայց սա վաղուց սպասված քայլ է ճիշտ ուղղությամբ»։

Ներկայացուցիչների տանը այն քվեարկության է դրվելու հունիսի 24-ին։

Օրինագծի կողմնակիցների ու պաշտպանների ներկայացմամբ` այն կյանքեր փրկելու համար է։

Նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ օրենսդիր մարմնում ընունվելուց հետո ստորագրելու է օրինագիծը։

Օրինագիծը մասնավորպես խստացնում է զենքի ամենաերիտասարդ գնողների նախնական ստուգումները, զենքը հեռու կպահի ընտանեկան բռնություններ, քրեական հանցագործություններ կատարած մարդկանցից, նահանգներին կօգնի օրենքներ ընդունել` հեշտացնելու համար վտանգավոր մարդկանցից զենքը վերցնելու իշխանությունների գործողությունները։ Օրինագիծը նաև հնարավորություն է տալիս ֆինանսավորելու դպրոցների անվտանգության, հոգեկան առողջության և բռնության կանխարգելման տեղական ծրագրերը։

Սենատում քվեարկությունը տեղի ունեցավ զենք կրելու իրավունքը պաշտպանելու Գերագույն դատարանի որոշումից ժամեր անց։ Գերագույն դատարանը հաստատեց, որ հանրային վայրերում զենք կրելը ամերիկացիների սահմանադրական իրավունքն է։

Զենքի հարցում ԱՄՆ-ի հանրությունը երկփեղկված է։ Նույնիսկ հանրային վայրերում, դպրոցներում տեղի ունեցած ողբերգական միջադեպերից հետո զենքի վաճառքն ու կրելը խիստ սահմանափակելու միասնական դիրքորոշում չկա։

XS
SM
MD
LG